«Կենգուրու 2011» -ը՝ մաթեմատիկական տոն
2011-07-06
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
Շնորհավորելով «Կենգուրու 2011» մրցույթի բացարձակ հաղթող, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանին՝ նախարարի տեղակալը նշել է, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը տարեցտարի ավելի է սիրվում մեր դպրոցականների կողմից` դառնալով իսկական մաթեմատիկական տոն: Մ.Մկրտչյանն իր խոսքում կարևորել է դպրոցականների օլիմպիական շարժումը, որպես աշակերտների գիտելիքների խրախուսման միջոց: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրել է, որ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
Բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են այլ առարկաներից խաղ-մրցույթի ընդլայնման հնարավորություններին, մրցանակային ֆոնդին և այլն: