Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը
2011-07-06
Հայաստանը և Լեհաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում ստանձնել են Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բոլոնիայի գործընթացի օրակարգի շրջանակում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցից առաջինը` «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը մեկնարկեց Ծաղկաձորում:
Ողջունելով ամառային դպրոցի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում կկազմակերպվեն 4 կարևոր միջոցառումներ, որոնք պաշտոնապես գրանցված են Բոլոնիայի քարտուղարության կայքում և համարվում են համաեվրոպական պաշտոնական կրթական միջոցառումներ: «Այս միջոցառումները մեզ համար եվրոպական կրթական իրադարձություններին մասնակից լինելու հնարավորություն են: Դա ինչպես նաև քաղաքական հնարավորություն է` այս միջոցառումների շնորհիվ օտարներին ծանոթացնելու Հայաստանին, նրա պատմությանը»,- ասել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ պետք է ապահովել ոչ միայն մասնագիտական, այլև մշակութային մեծ ծրագիր, որը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել եվրոպական տարածքում որպես քաղաքակրթական ուրույն միավոր: Ըստ նախարարի` Բոլոնիայի գործընթացին ներգրավվելը նպաստել է, որ Հայաստանի կրթության համակարգն ինտեգրվի եվրոպական բարձրագույն կրթական տարածք: «Իհարկե, չթաքցնենք, որ սա նաև քաղաքական ուղղություն է, որովհետեւ Բոլոնիայի գործընթացը եվրոպական ինտեգրման հարթակներից, ձևերից, ուղղություններից մեկն է»,- ասել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ դա միասնական եվրոպական քաղաքակրթական տարածք, միասնական աշխատաշուկա, միասնական եվրոպական տնտեսություն ստեղծելու համար խիստ կարեւոր, անկյունաքարային քայլ է: «Ընդհանուր կրթական տարածքին միանալու շնորհիվ հայկական դիպլոմները ավելի լայն ճանաչում են ստանում եվրոպական երկրներում, իսկ հայկական կրթական վկայականները, 12-ամյա կրթությանը անցնելու շնորհիվ, համադրելի են եվրոպական կրթական ստանդարտներին, և վերջիվերջո, այս բարեփոխումների շնորհիվ Հայաստանը ոչ թե խոսքերով, այլ ռեալ դարձավ Միացյալ Եվրոպայի մաս»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Նրա խոսքով` իհարկե, դեռ Միացյալ Եվրոպայի մաս դարձել ենք կրթական հատվածում, բայց չպետք է մոռանալ, որ կրթությունը ոչ միայն այն տեղն է, որտեղ գիտելիք է փոխանցվում, այլև այն տեղը, որտեղ արժեք է ստեղծվում: «Հետեւաբար, երբ մենք խոսում ենք եվրոպական ինտեգրացիայի կարևորության և գերակայության մասին, նշանակում է` պետք է փոխենք մեր մտածելակերպը: Իսկ մտածելակերպ ստեղծելու, փոխելու լավագույն գործիքը կրթությունն է, որտեղ հնարավոր է երիտասարդ տարիքից սերմանել համամարդկային արժեքներ, պահպանել ազգային արժեքները և դառնալ եվրոպական կրթական տարածքի լիիրավ անդամ` առանց ազգային ինքնությունը կորցնելու»,- շեշտել է նախարարը:
Ամառային դպրոցին մասնակցում են ավելի քան 15 երկրի շուրջ 100 ուսանող- ներկայացուցիչներ: Դպրոցը կգործի մինչև հուլիսի 10-ը: