Նախարարն ամփոփեց 2011թվականի առաջին կիսամյակը

2011-07-01

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կիսամյակային հաշվետու ասուլիսը: Նա ներկայացրել է 2011թվականի առաջին կիսամյակում ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև կառավարության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների և միջոցառումների ընթացքը:
Գերակա խնդիրների իրականացման հետ կապված  նախարարը նշել է, որ նախադպրոցական  կրթության մատչելիության հետ կապված արդեն  երրորդ տարին է մարզերում,  Համաշխարհային բանկի հետ միասին իրականացվում է քիչ ծախսատար կրթության մոդելների  ստեղծման ծրագիրը. «Ծրագրում այս տարի ընդգրկվել է չորս մարզի` Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի շուրջ  96 համայնք, որտեղ սեպտեմբերի  մեկից կգործեն  քիչ ծախսատար նախադպրոցական հաստատություններ: Սա նշանակում է, որ այս համայնքներում դպրոցների և մանկապարտեզների բազայի  հիման վրա ստեղծվում են նախադպրոցական կրթության լսարաններ՝ սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխան հնարավորություններով,որոնք կապահովեն աշակերտների համար հավասար մեկնարկային պայմաններ»,- նշել է նախարարը:
Հանրակրթական ոլորտի բարեփոխումների գերակա խնդիրները ներկայացնելով` նախարարը նշել է, որ այս տարի ևս համալրվել է ավագ դպրոցների ցանցը  15 ավագ դպրոցներով և ավարտվել այս  ցանցի ձևավորման գործընթացը: «Թևակոխում ենք ավագ դպրոցների բարեփոխումների փուլ, որի իրականացման համար ձեռնարկվել են համապատասխան քայլեր` ուսուցչական կազմի վերապատրաստումներ, նոր կապիտալ ծախսեր` շինարարություն, լոբորատորիաներ, սարքավորումներ, աշխատավարձի տարբերություններ` ավագ դպրոցի ուսուցիչների համար: Հիմնական դժվարություններն ավագ դպրոցների ստեղծման համակարգում հաղթահարել ենք և հիմա պետք է հաղթահարենք որակապես տարբերվող հանրակրթական ծառայություններ մատուցելու դժվարությունները»,- նշել է նախարարը, հավելելով, որ  գտնվելով նախարարության ենթակայության տակ, ավագ դպրոցների վերահսկողությունն ավելի խստացվել է, մասնավորապես մի շարք տնօրենների տրվել են նկատողություններ:
Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացքի մեջ են  միջազգային մրցույթով հայտարարված դպրոցների ինտերնետին համակցելու ծրագրերը: «Խնայողությունների արդյունքում նախտեսված 414 դպրոցին կավելանա ևս 45-ը և ինտերնետին համակցված կլինեն հանրապետության դպրոցների 98 տոկոսը: Սեպտեմբերի մեկից աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունը հանրապետությունում կկազմի համապատասխանաբար 1/22, որը շատ մոտ է եվրոպական ցուցանիշին»,-հայտարարել է նախարարը և հավելել. «Կունենանք համայնքներ, որտեղ ինտերնետ կապը հասանելի կլինի միայն դպրոցներին, իսկ  դա նշանակում է, որ  դպրոցներն այդ համայնքներում կդառնան յուրահատուկ տեղեկատվական կենտրոններ համայնքի յուրաքանչյուր բնակչի համար և դպրոցը կդառնա համայնքային կյանքի կենտրոն»: Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ծրագիրը, որն ուղղված էր դպրոցներում համակարգչային բազայի ընդլայնմանը, իրագործվել է. 230 դպրոցի հատկացվել է 2300 համակարգիչ և 100 համակարգիչ էլ հատկացվել է Լեռնային Ղարաբաղի դպրոցներին:
Նախարարը կարևորել  է հանրակրթույթան պետական չափորոշչի հաստատման գործընթացը՝ նշելով. «Չափորոշիչն այն փաստաթուղթն է, որի հիման վրա կառուցվում է ամբողջ դպրոցական գործընթացը: Այս փաստաթղթի նկատմամբ հանրային քննարկումները շատ պասիվ են»,- արձանագրել է նախարարը, հորդորելով շահագրգիռ բոլոր կողմերին, մասնագիտական շրջանակներին  ծանոթանալ չափորոշչի նախագծին, ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ, ինչպես նաև մասնակցել մասնագիտական քննարկումներին:
Նախարարը նշել է, որ այս տարի սկսվելու է նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացը: «Սա նշանակում  է, որ բարդ ընթացակարգով ատեստավորված ուսուցիչները կարող են ստանալ տարակարգեր  և դրան  համապատասխան էլ   աշխատավարձի հավելավճարներ: Այս պրոցեսը շարունակական է լինելու և ընդգրկելու է հանրապետության շուրջ 43 հազար ուսուցիչների, ովքեր 5 տարին մեկ պետք է ատեստավորվեն և  բարձրացնեն իրենց տարակարգերը»:
Հավաստագրման գործընթացի վերաբերյալ նախարարը նշել է, որ  հուլիսի 2-ին ավարտվում են այս փուլում հայտագրված 1066 տնօրենների հավաստագրման քննությունները և  այս պահի դրությամբ օբյեկտիվության հետ կապված չի եղել գեթ մեկ հիմնավորված բողոք: «Քննություններն անցկացվում են հասարակական դիտորդների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ և պրոցեսը շատ թափանցիկ ու արդյունավետ է »,- ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝  Արմեն Աշոտյանը նշել է, որ  պետությունն ամբողջությամբ կատարում է իր պարտականություններն անվճար մասնագիտական կրթության հնարավորության ապահովման հետ կապված: «Չնայած դիմորդների թվաքանակի պակասին, այս տարի պահպանեցինք պետպատվերին հատկացված տեղերը բակալավրիատի համակարգում և անկախ դիմորդների քանակից պետությունը չի կրճատում բարձրագույն կրթության ֆինանսավորումը»:
Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության վերաբերյալ նախարարը նշել է, որ երկրորդ տարին է,  ինչ այս ոլորտում, նախորդ  տարիների  համեմատությամբ, տեղերը  կրճատվել են ,  մասնավորապես 40 տոկոսով կրճատված տեղերի պարագայում այսօր առկա են թափուր տեղեր:  Վերջինս նշանակում է, որ ասպիրանտական ընդունելությունն առկա համակարգում շատ ավելի  օբյեկտիվ ու խիստ է իրականացվում, իսկ պահանջները, որոնք դրված են թեկնածուների առջև՝ շատ ավելի հետևողական են կատարվում: «Պետք է մտածենք կրթական համակարգից պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունքը վերացնելու մասին, որի շնորհիվ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակ կտրուկ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը և կբարձրացնենք ինչպես կրթության որակը, այնպես էլ կհստակեցնենք ընդունվող ուսանողների մոտիվացիան և ցանկությունները: Մարդիկ կկատարեն ավելի գիտակացված ընտրություն և այդ ընտրությունը կլինի ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու, այլ կրթություն ստանալու ցանկությամբ»:
Բոլոնիայի գործընթացի հետ կապված նախարարը նշել է, որ հուլիսի 1-ից Հայաստանը և Լեհաստանը ստանձնում են Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը : Հուլիսի 3-ին Ծաղկաձորում մեկնարկելու է միջազգային ուսանողական ամառային դպրոցը, որին մասնակցելու են  15 երկրի 100 ուսանողներ: Անդրադառնալով կրթության որակի հետ կապված աշխատանքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունն ընդունել է ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր կարգը: «Այն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական բարձրագույն կրթության տարածքի  նորմերին և չափանիշներին: Վերջինս լուրջ բեկում է մտցնելու եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ Հայաստանի ինտեգրման գործընթացում: Ընդունվել է բարձրագույն կրթության նոր ռազմավարությունը, որը թույլ է տալու պետությանն առաջիկա երկու տարիների ընթացքում վերանայելու իր քաղաքականությունը բարձրագույն կրթության ֆինանսավորման ոլորտում: Այն կապահովի առավել խոցելի խավերի համար բարձրագույն կրթության ավելի մեծ մատչելիություն, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններ մեր բուհերի համար»,-նշել է նախարարը:
Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, հաջորդ տարվա ընդունելության քննությունների կազմակերպմանը և այլն:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։