Գիտաժողով՝ «Հանրակրթության բովանդակային բարեփոխումներ. առաջիկա խնդիրներ»

2011-06-20

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Հանրակրթության բովանդակային բարեփոխումներ. առաջիկա խնդիրներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԿԳՆ և մարզերի կրթության ոլորտի պատասխանատուներ, բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու բնագավառի  այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  նշել է, որ հանրակրթության բարեփոխումների կարևորագույն խնդիրներից են հանրակրթության պետական չափորոշիչների վերանայումը, բեռնաթափված ծրագրերի հաստատումը և օտար լեզուների դասավանդումը:Այս ծրագրերը, որոնք  նախարարության կողմից մշակվել են ամիսներ առաջ, քննարկվում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, սակայն լայն հասարակական արձագանքի չեն արժանացել և գիտաժողովի կազմակերպման նպատակներից է, մինչև փաստաղթերի վերջնական ընդունումը, հավաքագրել կարծիքներ, առաջարկություններ, դիտողություններ ներկայացված ծրագրերի մասին: «Մեր  ցանկությունն է հասկանալ, թե ինչ ենք ուզում ազգային դպրոցից, ինչպիսի գիտելիքների, կարողությունների, հմտությունների, արժեքների համաձուլվածք պետք է ստեղծենք  հանրակրթական տարբեր աստիճաններում, որպեսզի աշակերտները կարողանան համարժեք լինեն հասարակական պահանջին, համապատասխան չափորոշիչին և դառնան հասարակության լիարժեք անդամ ու քաղաքացի»,-նշել է նախարարը:
Խոսելով պետական չափորոշիչների վերանայման մասին, նա նշել է, որ, այն քննարկվել է նաև Ազգային ժողովում, հանրային խորհրդում և կարևոր է, որ այն փաստաթուղթը, որն ընդունվելու է նախարարության կողմից, արժանանա մասնագիտական շրջանակի հավանությանը և թույլ տա օգտագործել ու որոշակի լեգիտիմության աստիճան ունենալ մանկավարժների, մասնագետների մոտ: «Բովանդակային բարեփոխումները չպետք է ստվերվեն ֆինանսական, կառուցվածքային և այլ տեսակի բարեփոխումներով: Առանց բովանդակությանն անգամ ամենաբարձր ֆինանսական մակարդակով ապահովված դպրոցն անիմաստ է աշխատում, որովհետև մեր հանրակրթության նպատակն է տալ գիտելիք, հմտություն, որպեսզի աշակերտը վաղը, մյուս օրը կարողանա մրցունակ լինել աշխատանքի շուկայումե, - ընդգծեել է  ՀՀ ԿԳՆ նախարարը` շարունակելով, թե առաջինն ինչ պետք է անի դպրոցը` սեր տա ուսուցման պրոցեսի հանդեպ, որովհետև բոլոր գիտելիքները ներկա տեղեկատվական դարում փոխանցելն անհնար է:
Խոսելով ծրագրերի բեռնաթափման մասին, նա նշել է, որ բեռնաթափված ծրագրերի հաստատումը կարևոր է, սակայն շտապողականություն չի կարելի թույլ տալ. այն կարող է վնասել արդեն արված աշխատանքին: «Դպրոցական ծրագրերը պետք է լինեն ոչ թե ըստ թեմաների, թե ինչ պետք է անցնի երեխան, այլ պետք է գնահատել վերջնական արդյունքները՝ թե ինչ կարող է անել աշակերտը դպրոցն ավարտելուց հետո»,- նշել է նախարարը, հավելելով, որ հարկավոր է փոխել մեր մոտեցումները դպրոցի նկատմամբ և դրդել երեխային սիրել դպրոցը:
«Եվրախորհրդի հետ միասին փորձում ենք Հայաստանում ներդնել օտար լեզվի դասավանդման շրջանակային մեթոդը, որը կիրառվում է եվրոպական շատ երկրներում, և ամեն մի մակարդակի համար հստակ բնորոշել համապատասխան գիտելիքի, կարողությունների մակարդակը, որն ընդունելի է եվրոպական տարբեր երկրներում, հստակ դնել, թե որ կրթական մակարդակում ինչ ծրագրեր պետք է իրականացնել»,-անդրադառնալով օտար լեզվի դասավանդման խնդիրներին` նշել է նախարարը, հավելելով, որ օտար լեզուների դասավանդման խնդրի շուրջ իրենց մտահոգությունները հայտնել են բոլոր շահառու կողմերը, և նախարարությունը միանում է այդ մտահոգությանը:
Գիտաժողովում ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը ներկայացրել է հանրակրթական պետական չափորոշիչի նախագիծը, ԿԱԻ տնօրեն Ն. Ղուկասյանը՝ հանրակրթական դպրոցի ուսումնական առարկաների չափորոշիչների ու ծրագրերի բեռնաթափման նախագիծը, «Հայոց լեզու և գրականության», հասարակագիտական և բնագիտական առարկաների օրինակով չափորոշիչների և ծրագրերի բեռնաթափման աշխատանքների ընթացքն են ներկայացրել ԿԱԻ աշխատակիցներ Ա. Նազարյանն ու Ս. Գալոյանը, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։