Կամավորները կժամանեն Հայաստան
2011-06-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն Հելեն Լուվմանին և ՀՀ-ում ԱՄՆ Խաղաղության կորպուսի տնօրեն Դեյվիդ Լիլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համատեղ իրականացվելիք աշխատանքների շրջանակը: ՀՀ-ում Խաղաղության կորպուսի տնօրեն Դեյվիդ Լիլին նշել է, որ այս տարի 22 կամավորներ են ժամանելու Հայաստան, ովքեր աշխատելու են երկու հիմնական ուղղությամբ՝ անգլերենի դասավանդում տարբեր կրթական հաստատություններում և ուսուցիչների վերապատրաստում:
Նախարար Արմեն Աշոտյանը կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ ամերիկյան ժողովրդի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական, քաղաքական, տնտեսական, կրթական ոլորտում, նշել է, որ Խաղաղության կորպուսի առաքելությունը Հայաստանում նպաստում է ոչ միայն անգլերեն դասավանդող ուսուցիչների հաղորդակցվելու հմտությունների բարելավմանը, այլև ամրապնդում է կապերը երկու երկրների կրթական հաստատությունների և համայնքների միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կամավորների ներգրավման և նրանց կարողությունների և հմտությունների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր: