«Նախաշավիղ»՝ տասնամյա հոբելյան

2011-06-15

Երևանի թիվ 194 դպրոցում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «Նախաշավիղ» գիտամեթոդական հանդեսի հրատարակման տասնամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Հանդիսության մասնակիցներին  և հանդեսի աշխատակազմին ողջույնի ու շնորհավորանքի խոսք են ասել Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը և «Նախաշավիղի» հիմնադիր, առաջին գլխավոր խմբագիր Վ. Մարտիրոսյանը:
Ելույթ ունեցողները արժևորել են պարբերականի տասնամյա գործունեության ընթացքում ամրակայված առանցքային կողմնորոշումները և ընդգծել հանդեսի անուրանալի դերը տարրական և նախադպրոցական կրթության   և ընդհանրապես դասավանդման կատարելագործման գործընթացներում: Ներկայացվել են «Նախաշավիղի» կայուն կառուցվածքներ դարձած խորագրերի ամփոփ բովանդակությունը և այդ խորագրերի լավագույն հոդվածների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհավորագրերով:
Ներկայացվել են նաև հոբելյանի առիթով լույս  տեսած երկու ժողովածուներ` «Տոնական ղողանջներ» և «Հրավիրում ենք հանդեսի», որոնցում ամփոփված են ուսուցիչների և դաստիարակների կողմից կազմված սցենարները:
Հանդիսությունը եզրափակվել է գեղարվեստական կատարումներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։