Ավագ դպրոցները՝ հանրակրթական համակարգում յուրահատուկ փարոսներ

2011-06-07

Հայաստանի պետական ագրարային համալսարանում այսօր ստորագրվել են համագործակցության պայմանագրեր Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի,  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի  և հանարապետության 26 ավագ դպրոցների միջև: Նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով կրթական բարեփոխումների ընթացքում հասարակական աջակցությունը և տեղեկացվածությունը, նշել է, որ ոչ մի բարեփոխում չի կարող հաջողության հասնել, եթե այդ բարեփոխման շուրջ ձևավորված չէ հասարակական  առողջ մթնոլորտ և եթե այն համակողմանի չի ներկայացվում հասարակությանը :
 «Ավագ դպրոցների բարեփոխումները սկսվեցին ճգնաժամային տարում, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք ոչ միայն չընկրկեցինք, այլ նաև ավագ դպրոցի զարգացման գործում նոր ծրագրեր ենք իրականացնում»,- ասել է  Ա. Աշոտյանը, հավելելով, որ անկախ բոլոր տեսակի  դժվարություններից, ավագ դպրոցների ցանցի  կայացման համար արդեն այլընտրանք և հետադարձ ճանապարհ չկա: Նախարարը նշել է, որ պետական բյուջեից հատկացումներ են արվելու ավագ դպրոցների կրթական բազայի բարելավման համար: «Բարձրացնելով ավագ դպրոցների ֆինանսավորումը՝ հնարավորություն կստեղծվի ապահովել օրինական կրթական գործընթաց, վերացնել խախտումներն ու պահպանել աշակերտների ու աշխատողների իրավունքները և դառնալ հանրակրթական համակարգում յուրահատուկ փարոսներ, որոնք դեպի իրենց կձգեն մեր աշակերտներին և կկարողանան ձևավորել այնպիսի ավանդույթներ, որոնք հավասար պայմաններ կստեղծեն մեր աշակերտների համար և նրանք այլևս կրկնուսույցների մոտ հավելյալ պարապելու կարիք չունենան: Ավագ դպրոցների ձևավորումն այն երևույթը կլինի, որը մեզ հնարավորություն կտա հանրակրթությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի»,- նշել է նախարարը, կարևորելով այն հանգամանքը, որ բուհ ընդունվելու գործընթացը ՀՀ-ում պետք է դառնա շատ պարզ, մատչելի գործընթաց, պետք է կտրուկ և էլ ավելի նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերն ու ուշադրությունը սևեռել ավարտական պետական քննությունների վրա, քանի որ շատ կարևոր է իմանալ, թե ովքեՎր են ավարտում բուհերը:
Այս տարվա ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել ԵՊՃՇՀ-ի և Երևանի թիվ 3 ավագ դպրոցի միջև, ինչպես նաև ԵՊՀ-ի և հանրապետության հինգ ավագ դպրոցների միջև: Այսօրվա միջոցառումը  կրթական բարեփոխումների շրջանակում երրորդն է և այս երեք խումբ պայմանագրերի ստորագրումով հանրապետության ավագ դպրոցների 1/3-ն արդեն կներգրավվի ծրագրի մեջ: Ծրագրով նախատեսվում է համատեղ մասնակցությամբ կազմավորել նպատակային դասարաններ (հոսքեր), որոնց շրջանավարտները բարձրագույն կրթություն կստանան բուհում գործող մասնագիտությունների գծով : Դպրոցներում կկազմակերպվեն բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների հետ հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ, զրույցներ, բանավեճեր և քննարկումներ, գրավոր աշխատանքներ, թեմատիկ մրցույթներ և այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն սովորողների մասնագիտական կողմնորոշմանը : Մեթոդական աջակցություն կցուցաբերվեն դպրոցի ուսուցիչներին՝ նրանց համար կազմակերպելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ: Յուրաքանչյուր տարի դպրոցների աշակերտների համար կազմակերպվեն «Բաց դռների օր» և ճանաչողական այցեր բուհեր`  նրանց հնարավորություն ընձեռելով հանդիպելու ֆակուլտետների ղեկավարության ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ` ծանոթանալու կրթական համակարգին և ուսումնառության առկա հնարավորություններին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։