Հետագա համագործակցության հնարավորություններ
2011-06-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ: Նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով ապրիլին Ռումինիա կատարած այցի մանրամասները, նշել է, որ Ռումինիայի կրթության նախարարի, Ռումինիայում սովորող հայ ուսանողների և հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպումներն արդյունավետ են եղել և նոր հնարավորություններ են ստեղծել հետագա համագործակցության համար:
Նախարարը նշել է, որ Լեհաստանի և Հայաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության ստանձնման շրջանակում Ռումինիայի կրթության նախարար Դանիել Ֆուներիուին հրավիրել է Երևան մասնակցելու սեպտեմբերի 7-8-ը կազմակերպվող բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված միջազգային կոնֆերանսին: Այցի ընթացքում հնարավոր է, որ կստորագրվի նաև 2011-2015 թվականների Հայաստան-Ռումինիա համագործակցության ծրագիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասավանդման մասնագետի հարցը, ինչպես նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու հայագիտության խթանմանը միտված գործընթացները: