Հայաստան-Լեհաստան համանախագահությունը կլինի օրինակելի
2011-06-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեհաստանի և Հայաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության ստանձնման շրջանակում նախատեսված միջոցառումների հետ կապված հարցեր: Նախարարը նշել է, որ համանախագահության ստանձնումը երկու երկրների համար հրաշալի հնարավորություն է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Հայաստանի մասնակցությունն ընդգծելու համար: «Բոլոնիայի գործընթացում համանախագահությունը նոր ինստիտուտ է և Հայաստան-Լեհաստան համագործակցությունը կլինի օրինակելի:
Բոլոնիայի քարտուղարությանը ներկացրել ենք նախատեսվող 4 միջոցառումների մասին տեղեկատվություն, որոնք Եվրամիության գործընկերության շրջանակում հետաքրքրություն են առաջացրել: Հրավիրվել են Բոլոնիայի գործընթացին համագործակցող բոլոր երկրների կրթության նախարարները, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի: Հրավիրվել է նաև Լեհաստանի կրթության նախարարը մասնակցելու Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող միջոցառումներից մեկին, հատկապես սեպտեմբերի 7-8-ը բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսին արձագանքել են նաև ՀԲ Վաշինգտոնի գրասենյակից և 7-8 նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը Ցանկալի է զարգացնել շփումները նաև ուսանողների մակարդակով, մասնավորապես հրավիրում ենք մասնակցել հուլիսի 3-10-ը Ծաղկաձորում կազմակերպվելիք եվրոպական ուսանողության ամառային դպրոցին, որը արևելյան գործընկերության կարևորագույն ծրագրերից է»,- նշել է նախարարը և ներկայացրել Կրթության ոլորտում 2011-2015 թթ Հայաստան-Լեհաստան համագործակցության ծրագրի նախագիծը: Անդրադառնալով հայկական գաղթօջախների հետ տարվող աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ ակնկալում է լեհական կողմի ակտիվ մասնակցությունը Լեհաստանում մեր հայրենակիցների կրթության իրավունքի կայացման և ինքնության պահպանման հարցում, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցներին ուսումնական գրականություն տրամադրման, ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպման հարցերում:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի համանախագահության ստանձնման շրջանակում Լեհաստանի կողմից նախատեսված միջոցառումները և նախարար Ա. Աշոտյանին հրավիրել է մասնակցելու Վարշավայում կայանալիք խորհրդակցությանը: