Հայագիտությունը Հունգարիայում

2011-06-02

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունում կամակերպվել է հանդիպում հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի հետ, ով  հայագիտության ասպարեզում վաստակաշատ հունգարացի գիտնական Էդմոն Շյուտցի աշակերտն է և նրա մահից հետո գործի շարունակողըÖ‰ Տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, որ Բենեդեկ Ժիգմոնդը շարունակում է օտարազգի հայագետների, մասնավորապես, հունգարացի հայագետ Էդմոն Շյուտցի գործը` ոչ միայն կատարելապես տիրապետելով հայոց լեզվին, այլև պեղելով, փորձել է գտնել հայագիտական նոր շերտերÖ‰Բենեդեկ Ժիգմոնդն ասել է, որ հայերեն սկսել է սովորել 1997թ., երբ առաջին անգամ Հունգարիայում լսել է «Սուրբ պատարագը»:
Նախապես յուրացնելով հին հայերենը և հայոց պատմությունը՝ աշակերտել է հունգարացի ճանաչված հայագետ Էդմոն Շյուտցին: Այնուհետև եկել է Հայաստան, ապրել է Հրազդանում, մի հայ ընտանիքում, և նրանցից էլ փորձել սովորել հայերենի խոսակցական և բարբառային նրբությունները: Այժմ աշխատում է Բուդապեշտի համալսարանում և ցանկություն ունի այնտեղ հիմնել  հայագիտության ամբիոն: Այդ նպատակի համար մեծ նյութ է ծառայում Էդմոն Շյուտցի թողած հսկայական գրադարանը և հայագիտական ժառանգությունը: Աշխատում է ավարտել նաև  <<Տրանսիլվանիայի հայերի 17-20-րդ դդ. կրոնաբանական հարցերը>> թեմայով գիտական թեզը:  Նրա համոզմամբ հայերը Հունգարիայում հաստատվել են 13-րդ դարից: Տրանսիլվանիայում նրանք ապրել են մեծ համայնքներով և կարողացել են պահպանել իրենց ինքնությունը: Տրանսիլվանիայի` Հունգարիայի կազմից դուրս գալուց հետո հայերի մեծ մասը տեղափոխվել է Հունգարիա, ցրվել երկրով մեկ, և ձուլվել նաև տեղաբնակներին: Որքան էլ այսօր նրանք չեն տիրապետում մայրենի լեզվին, սակայն իրենց սովորույթներում պահպանել են նախնիներից ժառանգած ազգագրական բնույթի ծիսական երգեր, որոնք կատարում են արարողությունների ժամանակ: Իր ուսումնասիրությունների ընթացքում Բենեդեկ Ժիգմոնդը հայտնաբերել է երեք կարևոր բան. 1. Տրանսիլվանիայի  հայերը փորձ են արել ստեղծել գրական հայերեն, որը նման է արևմտահայերենին, բայց դրանից շատ է տարբերվում քերականական կառուցվածքներով: 2. Տրանսիլվանիայում կան ծագումով ազգագրական և գործառույթով ծիսական հայերեն երգեր, 3. Տրանսիլվանիայի հայերն ունեցել են <<Սուրբ պատարագի>> հատուկ կառուցվածք:
Խոսելով հունգարերենի պաշտպանության անհրաժեշտության մասին` Բենեդեկ Ժիգմոնդը տեղեկացրել է, որ այն իրենց երկրում գտնվում է միշտ գերակա դիրքում, և երբևէ չես հանդիպի օտարատառ գրությունների, անհասկանալի գովազդների ու ցուցանակների, ինչը ևս վկայում է  հունգարացիների հարգանքի մասին դեպի սեփական լեզուն ու մշակութը:
«Ես արդեն հայ եմ, հունգարացի հայ, իմ արմատներն այստեղ են»- ասել է նա և կեսկատակով ավելացրել. «Իսկական հունգարացին նա է, ով ծագումով հայ է»: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։