Կրթության որակը պետք է չափվի պետական ավարտական քննություններով
2011-05-27
Գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսի ուսանողներն իրենց պետական ավարտական դիպլոմային աշխատանքներն այսօր ներկայացնում էին ՀՀ նկարիչների միությունում: Քննությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շրջելով սրահում և դիտելով ուսանողների ներկայացրած աշխատանքները, նախարարը նշել է. «Մեր երիտասարդների միտքը պրպտուն է, ստեղծագործող և կոնկրետ լուծումների բերող, որովհետև ներկայացված են շատ կիրառական նախագծեր, որոնք կարող են օգտագործվել քաղաքի զարգացման համար, առողջապահական համակարգում, գյուղատնտեսություն մեջ, որոնց համար ուզում եմ հրավիրել մեր ձեռներեցների ուշադրությունը և այս առաջարկները բերել տնտեսական դաշտ և կրթություն-արտադրություն կապը հենց այս մոդելներով ամրապնդել»:
Անդրադառնալով պետական ավարտական քննություններին, նա նշել է, որ հասարակության հիմնական ուշադրությունը պետք է բևեռված ոչ թե ընդունելության, այլ այս քննություններին և բոլորին պետք է անհանգստացնի, թե երկրի և հասարակության համար ինչպիսի մասնագետներ ենք տալիս: «Մեր ցանկությունն է բուհ ընդունվելը լինի ավելի հեշտ, իսկ ավարտելը դժվար, որպեսզի կրթության որակը չափենք այնտեղ, որտեղ այն առավել կարևոր է չափել` այն է բուհն ավարտելուց»,- շեշտել է նախարարը, հավելելով, որ առկա է պետական ավարտական քննությունների մեխանիզմների բարելավման խնդիրը: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և պայքարը, որ տարվում է կոռուպցիոն երևույթների դեմ, որոշակի արդյունքներ արդեն տվել են: Սակայն ինձ չի բավարարում այս ոլորտում մեր ունեցած հաջողությունները, նրանք դեռ տեսանելի չեն հասարակության լայն շերտերի համար և պետական ավարտական քննությունների ներկայիս մեխանիզմը բարելավման կարիք ունի: Ուսանողներին պետք է հնարավորությւոն տրվի գոնե մեկ անգամ բողոքարկել պետական քննության արդյունքը: Գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, ինչը բերում է նրան, որ ուսանողն այդ պահին պետական ավարտական քննության հանձնաժողովի առջև մնում է անպաշտպան»,- նշել է նախարարը և ավելացրել, որ հաջորդ տարվա համար հիմնովին վերանայվելու է պետական ավարտական քննությունների կազմակերպական ընթացակարգերը, այն կլինի ավելի պարզ, ուսանողակենտրոն և ուսանողների իրավունքների պաշտպանության և կոռուպցիոն ռիսկերի նվազման համար: Նախարարն անդրադարձել է նաև այն զինծառայողների խնդրին, որոնք չեն կարողացել ժամանակին հանձնել պետական ավարտական քննություննրը, զորակոչվել են բանակ և այս տարի պետք է զորացրվեն: «Բոլոր այն զինծառայողներին, որոնք պետականից կտրվել են և զորացրվել բանակ, առաջարկում ենք մեկ տարի պարապել և նոր հանձնել քննությունը»,-նշել է նախարարը և տեղեկացրել, որ պետությունն այս տարի բանակից զորացրված զինծառայողների համար հատուկ անվճար պետպատվերի տեղեր է հատկացրել տեղերի 10 տոկոսի սահմանում, խրախուսելով երիտասարդներին ծառայել բանակում և դրանից հետո անվճար մագիստրոսական կրթություն ստանալ: