«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական առաջին օլիմպիադա

2011-05-26

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Սեյրան Օհանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է. «Հանրապետությունում առաջին անգամ է  կազմակերպվում օլիմպիադա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից և այն հատկանշական է երեք տեսակետից.
այսօր հանրապետության բոլոր դպրոցներում անց է կացվել վերջին դասը և դուք ուսումնական տարվա ընթացքում կատարած ձեր աշխատանքների հաղթական վերջակետ եք դնում: Երկրորդ. Պաշտպանության նախարարության աջակցությամբ փորձել ենք մեր աշակերտներին հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող այս  առարկան դարձնել հանրապետական նշանակության  առարկա, որտեղ լավագույնները հնարավորություն կունենան իրենց հմտություններն ու գիտելիքները դրսևորել օլիմպիադայի ընթացքում: Երրորդ. այս միջոցառումն անց է կացվում մայիսյան տոների նախաշեմին և Հանրապետության օրվան ընդառաջ: Անքակտելի է այն կապը, որը ձևավորվել է կրթություն-պաշտպանություն համակարգերի միջև, և ձեր նվիրվածության  շնորհիվ այսօր նոր ամրապնդումներ ստացավ: Մեր ժողովրդի գոյատևման և զարգացման բանաձևը ակնհայտ է` դա ուժն է ի դեմս պաշտպանության, հավատն է ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, և գիտելիքն` ի դեմս կրթական համակարգի: Ուրախ եմ, որ այս միջոցառումն իրականացվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Վարչական շենքի մուտքի մոտ գրված է մի բանաձև«Մեր մասնագիտությունը երկրի պաշտպանությունն է»: Ուզում եմ հավելել, որ բոլոր մասնագիտությունները պետք է հանգեն մեր երկրի պաշտպանական կարողությունների ընդլայնմանը և բոլոր մասնագիտությունների ուրույն բաղադրիչը պետք է  լինի հայրենիքի ամրապնդումն ու սեփական գիտելիքով, կարողությունով, ուժով և հմտությունով մեր հայրենիքի պետականացման գործում ևս մեկ աղյուսի ավելացումը»,- նշել է նախարարը հավելելով, որ այս միջոցառումը կդառնա ավանդական և իր տեղը կունենա կրթություն-պաշտպանություն համագործակցության համակարգում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ այս միջոցառումները զորակոչիկներին նախապատրաստելու և հայրենիքի պաշտպանությունն ամրապնդելու համար առաջին օղակն է, որտեղ նրանք ծանոթանում են հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ դրույթներին, երդվում նվիրված լինել մեր հայրենիքի պաշտպանությունը:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը կազմակերպվել էր մայիսի 23-ից 26-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որին մասնակցել են մարզային փուլերում հաղթող ճանաչված թիմերը: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են  70 աշակերտ: ՆԶՊ օլիմպիադայի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկում առաջին տեղն են գրավել Արմավիրի մարզի հավաքականը, երկրորդը` Երևանի և երրորդը` Տավուշի մարզի թիմը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։