Պայծառ գույներ՝ կրթության համակարգում

2011-05-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է «Օրանժ -Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դութուային: Հանդիպման  ընթացքում քննարկվել են կրթություն-աշխատաշուկա համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախարարը, ողջունելով ընկերության մուտքը հայաստանյան շուկա, նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունն ակտիվորեն աշխատում է հաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների հետ և այդ համագործակցությունն ամեն տարի նոր դրսևորումներ է ստանում:
«Ընկերության քաղաքականության մեջ կա բիզնեսի սոցիալական պատասխանատվության բաժին և մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները համագործակցության ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաև խնդրել օգտակար լինել կրթության համակարգում պայծառ գույների ավելացմանը»,- նշել է նախարարը և հավելել, որ համագործակցությունը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության բովանդակություն ձևավորման շրջանակ պետք է ընդգրկի: Անդրադառնալով բուհերի և ընկերության միջև ձևավորված համագործակցությանը` երիտասարդ մասնագետների պրակտիկայի կազմակերպման առումով, Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ համակարգի կիրառումն ապահովող միջոցների ընդլայնմանը և տարեվերջին  դպրոցների 98 տոկոսը միացված կլինիեն համացանցին:  « ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո այս տարվա ընթացքում դպրոցներին տրամադրվել է 2500 համակարգիչ:  Մեր նպատակն է աշակերտ- համակարգիչ հարաբերակցությունը հասցնել եվրոպական չափանիշներին,  դպրոցներն ապահովել էլեկտրոնային բովանդակությամբ, որը հնարավորություն կտա ժամանակակից, մատչելի և հասանելի կրթություն ապահովել»,- նշել է նախարարը և հավելել, որ իրականացվող գործընթացները միտված են կրթության որակի բարձրացմանը, այլ ոչ թե տեխնիկական միջոցների ներդրման ցուցանիշի ապահովմանը: Նախարարը կարևորել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության  ապահովումը:
Ներկայացնելով ընկերության գործունեությունը Հայաստանում Բրունո Դութուան նշել է, որ սպառողների շրջանում մեծ թիվ են կազմում ուսանողները և «Օրանժ –Արմենիան» սերտ հարաբերությունների մեջ է ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Ֆրանսիական համալսարանի հետ  և արդեն համագործակցություն են սկսել նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի հետ: Նա նշել է, որ ընկերությունում արտադրական պրակտիկա են անցնում ավելի քան հիսուն ուսանող և սահմանվել է նաև «Օրանժի» նորարարության մրցանակ: Նա նշել է, որ ընկերությունը բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակում թիվ 186 դպրոցում համակարգչային դասարան են բացելու և կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների խմբակային կուրսեր, որոնք վարելու են ընկերության առաջատար մասնագետները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ընդլայնմանը միտված այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։