Քայլեր` ուղղված աշակերտակենտրոն դպրոցների կայացմանը

2011-05-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել  է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը, որի համար հիմք են հանդիսացել «Երեխայի իրավունքների մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Նախարարի այս հրամանը միտված է դպրոցի կառավարման գործընթացին աշակերտների մասնակցության ապահովմանը, որը հիմքեր է ստեղծում Հայաստանում աշակերտակենտրոն դպրոցների կայացման համար:
Համաձայն կանոնադրության՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հանրակրթական հաստատության սովորողների ընդհանուր ժողովն իրավասու է ստեղծել աշակերտական խորհուրդ և ընդունել իր կանոնադրությունը՝ դրան համապատասխան իրականացնելով սովորողների ինքնավարություն: Աշակերտական խորհրդները խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել դպրոցի խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին` սովորողներին վերաբերող ուսուցման բովանդակության, գիտելիքների յուրացման որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպ¬ման հարցերի քննարկումներին: Աշակերտական խորհուրդները իրավասու են ներկայացնել առաջարկություններ ուսումնական հաստատության տնօրինությանը ներքին կարգապահական կանոնների, սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպման, հաստատության և ընտանիքի կապի ամրապնդման վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։