Համագործակցություն՝ կրթություն և աշխատաշուկա

2011-05-17

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ԿԳ նախարարության իրականացրած քայլերը: «Ընդհանուր առմամբ բարեփոխումները միտված են նրան, որ լինեն բարձր մակարդակով կադրեր` սպասարկելու աշխատաշուկայի պահանջները:Միջին մասնագիտական կրթական ոլորտում դեռևս 7 տարի առաջ ՏԱՍԻՍ ծրագրով սկսվեցին այդ բարեփոխումները, որտեղ փորձ էր արվում ձևավորել սոցիալական շուկա»,- ներկայացրել է Ա. Ավետիսյանը, հավելելով, որ բարեփոխումների ծրագրում ընդգրկվել են 12 քոլեջներ, որոնք արդեն վերանորոգվել և կահավորվում են:
Դրանք իրականացնում են միջին մասնագիտական կրթություն, ինչպես նաև վերապատրաստում` աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա: «Որպեսզի սոցիալ-գործընկերային հարաբերությունները հստակ աշխատեն՝ լինի հստակ պատվեր և դրա վերադարձ աշխատաշուկա, որպեսզի պատվիրատուն և դրա կատարողը լինեն սերտ համագործակցության մեջ, որը կբերի տնտեսության զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը, հավելելով, որ երկու տարվա ընթացքում նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունները կանցնեն կրթության և գիտության նախարարության իրավասության տակ՝ 2012 թվականին գերատեսչություններին ենթակա հաստատությունները, 2013թ-ին՝ նաև քույրական քոլեջները:
 Ա. Ավետիսյանը նշել է նաև, որ  այս տարվանից նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ընդունելության քննություններ չեն լինի և մրցույթը կկազմակերպվի ավարտական փաստաթղթերի հիման վրա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։