Միակ ուղին միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծումն է
2011-05-13
«Եվրասիա» միջազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է Եվրասիա միջազգային համալսարանի, Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի, Բարսելոնում, Ժնևում և Մյունխենում գործող Եվրոպական համալսարաի հետ համատեղ և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ: Ողջունելով այս ծրագիրը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է.
«Այսօրվա շնորհանդեսով ընդգծում ենք այն անկյունաքարային դրույթները, որոնք կարևոր են Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի համար: Հայաստանի կրթության զարգացման կարևորագույն ռեսուրսը լավագույն գիտելիքների տիրապետող և ստեղծագործ մարդկային կապիտալն է, իսկ դրան հասնելու միակ ուղին միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծումն է, որին և միտված են ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումները»,- նշել է նախարարը և հավելել, որ այս համակարգը պետք է պահանջված լինի աշխատաշուկայում, այլապես կրթական համակարգը արդյունավետ չի կարող համարվել, եթե երիտասարդ մասնագետը չի կարողանում աշխատել իր մասնագիտությամբ:
Ծրագիրը նպատակ ունի լրացնել ՀՀ աշխատաշուկայում էլեկտրոնային բիզնեսի մասնագետների առկա պակասը, ընդլայնել գործող կազմակերպությունների ասպարեզը և խթանել էլեկտրոնային բիզնեսով զբաղվող նոր ընկերությունների ստեղծումը: