Բոլոնիայի գործընթացը եվրաինտեգրման յուրահատուկ հարթակներից մեկն է

2011-05-13

Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների  իրականացման ընթացքի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության  արդյունքներն են այսօր ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, որը կատարվել է ՀՀ ԿԳՆ դրամաշնորհի շրջանակում «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտը: Ներկայացնելով հետազոտության նպատակները՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է.
«Առաջին անգամ որոշեցինք, որ Բոլոնիայի գործընթացից բխող բարեփոխումների արդյունավետությունը  և հասարակական արձագանքն հասկանալու և ընկալելու համար պետք է նախևառաջ  ուսումնասիրել ուսանողների կարծիքը, այն մարդկանց կարծիքը, ում համար և արվում են այս բարեփոխումները և առաջին անգամ է, որ նախարարությունն ինքն է նախաձեռնել այս հետազոտությունը, թե ինչպես է  հայ ուսանողը գնահատում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները,  Բոլոնիայի գործընթացից բխող քայլերը, ինչպիսի խնդիրներ կան իրականում և ինչպիսի հետևանքներ  կարող են ունենալ»:Նախարարը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից Հայաստանն ու Լեհաստանը ստանձնելու են Բոլոնիայի գործընթացի համանախագահողների գործառույթները: «Հայաստանը պատրաստել և ներկայացրել է 4 համաեվրոպական միջոցառումների առաջարկություններ, որոնք կմեկնարկեն ամռանը և կտևեն մինչև տարեվերջ: Նման առաջարկություններ ունի նաև Լեհաստանը: Համանախագահությունը մեզ կփոխանցվի հունիս ամսին Վարշավայում և միասին այդ միջոցառումներին կփորձենք ներգրավել եվրոպական շատ շահառուների, պաշտոնյաների և մասնագետների: Պատրաստվում է և Հայաստանում կգործարկվի Բոլոնիայի գործընթացի պորտալ հայերեն և անգլերեն լեզուներով, որն ամբողջությամբ կներկայացնի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները, յուրաքանչյուր բուհ կունենա իր էջը և այդ պորտալը կլինի վիրտուալ տարածության մեջ փաստացի բարձրագույն կրթության այցեքարտը»- նշել է նախարարը և հավելել. « Հայաստանի անդամակցությունը Բոլոնիայի գործընթացին ոչ մեկի կողմից պարտադրված չէր, մեզ էր պետք, որպեսզի ուսանողները ստանան այնպիսի կրթություն, որի որակը ճանաչվում է և կա լուրջ քաղաքական ենթատեքստ՝ Բոլոնիայի գործընթացը  եվրաինտեգրման յուրահատուկ հարթակներից մեկն է և այս տեսակետից  նույնպես օր առաջ պետք է օգտագործենք մեր հնարավորությունները եվրոպական ինտեգրման ճանապարհին և ավելի մեծ հաջողություններ արձանագրելու համար հատկապես տնտեսական աշխատուժի և քաղաքական տեսակետների նմանությունների և ընդհանրությունների տեսակետից»:
«Այ Փի Էս Սի»» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի վերլուծաբան Վահե  Գալստյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ աշխատանքներն իրականացվել են երկու  փուլով` քանակական և որակական:  Առաջին փուլը քանակական հետազոտություն էր, որի ընտրանքը ընդգրկում էր Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների  պետական, ոչ պետական և  միջպետական բուհերի 1015 ուսանող:   Երկրորդ փուլում իրականացվել է խորին հարցազրուցներ բուհերի դասախոսների և  միջին օղակի ղեկավարների հետ և ֆոկուս  խմբային քննարկումներ ուսանողների և շրջանավարտների հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։