Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է Panorama.am-ի թղթակցի հարցերին
2011-05-12
Նրա խոսքերով, գործընթացը կտրուկ նվազեցնում, գուցե նաև զրոյացնում է կրթական այս աստիճանում կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունները:
«ՀՀ պետական բուհերը մշակել և հաստատել են հակակոռուպցիոն գործողությունների ծրագրեր, որոնցում բացահայտված են ոչ միայն տվյալ բուհերում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, այլև այն գործուն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն դրանց նվազեցումը: Կարծում եմ դուք ևս տեղյակ եք, որ մի շարք բուհերում արդեն բարձրացվել են աշխատակիցների ու պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: Նախաձեռնել ենք տեղեկատվական լայնամասշտաբ քարոզարշավ, որը միտված է աշակերտների, ինչպես նաև հասարակության լայն շերտերի մոտ գիտելիքի նկատմամբ նոր արժեհամակարգի ձևավորմանը: Եթեր են հեռարձակվում դպրոցի հեղինակության բարձրացման, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի կարևորությունն ընդգծող հեռուստատեսային ու ռադիո սոցիալական հոլովակներ»,- նշեց Ա. Աշոտյանը:
Նախարարն ասաց, որ կրթության ոլորտի, ինչպես նաև նախարարության գործունեության թափանցիկության և մասնակցության ապահովման ուղղությամբ արդեն կատարվել են կարևոր գործընթացներ, մասնավորապես հաստատվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության (2011-2015թթ.) հաղորդակցության ռազմավարությունը», հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում ապահովվել է ուսանողական խորհուրդների, ինչպես նաև տեղակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությունը:
«Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալական խոսք ուղղել Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրերի, ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպություններին` ակտիվ համագործակցության համար»,- հավելեց նա:
Հարցին, թե նախորդ տարի կրթության ոլորտը հայտարարվել էր որպես ամենակոռումպացվածը, իսկ այս տարի արդյունքներն այլ են, ինչպեՎս կմեկնաբանեք՝ Ա. Աշոտյանը պատասխանեց. ««Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» անցյալ տարի հրապարակեց իր կատարած հակակոռուպցիոն ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց Հայաստանում կրթության բնագավառը ներկայացված էր որպես ամենակոռումպացվածը: Այս տարի նույն կազմակերպության հերթական զեկույցում «չարաբաստիկ առաջատարը» կրթության ոլորտը չէ: Նման արդյունքների համար կարող է լինել երեք տարբերակ.
1.Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը եղել է արդյունավետ և ունեցել է հասարակության համար արդեն տեսանելի արդյունքներ: Այս պարագայում հարց է ծագում, թե ինչու «Թրանսփարենսի Ինթերնեշնլն» այդ մասին չի բարձրաձայնում:
2. Հետազոտության մեթոդաբանությունից կախված կարող են կտրուկ փոխվել «կոռուպցիոն առաջատարները»: Սա նշանակում է, որ կիրառվող մեթոդները ստույգ չեն և առաձգական մեթոդաբանության պատճառով հակակոռուպցիոն պայքարը վերածվում է յուրօրինակ առաջնության, որտեղ «առաջատարներ» են արագ փոխում:
3.Այս կամ այն ոլորտը որպես կոռուպցիոն առաջատար ընդգծելը, կախված համապատասխան ժամանակահատվածից, իր հիմքում ունի քաղաքական, ավելի ստույգ ներքաղաքական ենթատեքստ ու միտում»,- նշեց նախարարը:
Նրա խոսքերով, այնուամենայնիվ, նախարարությունն արդեն արձանագրված որոշ դրական արդյունքներով չի բավարավում և շարունակելու է իր հետևողական աշխատանքները կրթության ոլորտում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման ու դեռևս առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:












