Կրթական թեմաները Հանրայինի եթերում

2011-05-11

ՀՀ կրթության ու գիտության նախարարության և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջև այսօր կնքվել է համաձայնագիր, որի նպատակն է Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի եթերում կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության հաղորդումների բազմազանության ապահովումը: Համաձայնագիրը ստորագրել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
« Այս համաձայնագրով մենք փորձելու ենք օգատգործել բոլոր հնարավորությունները` կրթության ոլորտի խնդիրների առավել լայնամասշտաբ լուսաբանման համար»,- ասել է նախարար Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ համաձայնագիրը կազմված է չորս հիմնական կետերից, որոնցից երեքը հստակ նպատակներ են, իսկ չորրորդը թողնվել է որպես «բաց պատուհան»՝ հետագա նոր նպատակների ի հայտ գալու դեպքում: «Երեք հիմնական կետերից են «Հայ ասպետ» հեռուստամրցախաղի անցկացումը, որն այս տարվանից անցնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո, սոցիալական գովազդների ցուցադրության ապահովումը բոլոր հայկական հեռուստաալիքների ամենառեյտինգային հաղորդումների ընթացքում, ինչպես նաև երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցի կողմից ռուսական եթերի համար նկարահանված անիմացիոն ուսուցողական ֆիլմերի թարգմանությունն ու եթեր հեռարձակումը»,- ասել նախարար Ա. Աշոտյանը:
Ըստ համաձայնագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում և անց է կացնում «Հայ ասպետ» հեռուստամրցախաղը, տրամադրում է հայերեն թարգմանությամբ ուսուցողական-անիմացիոն ֆիլմերի շարք, կրթության և գիտության բնագավառի սոցիալական գովազդի հոլովակներ:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պարտավորվում է ապահովել «Հայ ասպետ» հեռուստամրցախաղի նկարահանումը և շաբաթական մեկ հեռուստախաղի, ուսուցողական-անիմացիոն ֆիլմերի հեռարձակումները Հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև կրթության և գիտության բնագավառի սոցիալական գովազդի հոլովակների հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության եթերում: Հանրային հեռուստաընկերության կողմից արտադրվող հաղորդումներում, հեռուստանախագծերում և ֆիլմերում, ինչպես նաև Հանրային ռադիոյի հաղորդումներում անդրադարձ կկատարվեն կրթության և գիտության բնագավառում վարվող քաղաքականությանը, բարեփոխումներին և առկա հիմնախնդիրներին: Միջոցառման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ «Ես սիրում եմ իմ դպրոցը» խորագրով սոցիալական գովազդները, թեև նախարարությունը տրամադրել է բոլոր հեռուստաընկերություններին իրենց հարմար ժամերին անվճար ցուցադրելու համար, սակայն առայժմ միայն Հանրային հեռուստաընկերությունն է ընդառաջելÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։