Հատուկ դպրոցներին՝ հատուկ ուշադրություն

2011-05-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդամների hետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մասնավորապես  թիվ 11, 12 և 18 հատուկ դպրոցներում ծագած սուր իրավիճակների հաղթահարմանը միտված  միջոցառումների արդյունքները: 

Նախարարը նշել է, որ կադրային, ինչպես նաև կազմակերպաիրավական ձևերի փոփոխությունների շնորհիվ այս դպրոցների զարգացման համար նոր հնարավորություններ են  ստեղծվել:
Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, մասնավորապես երեխաների պաշտպանության հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև ներառական և հատուկ դպրոցներում սոցիալական աշխատողի հաստիք ունենալու վերաբերյալ: Քննարկվել են մի շարք դպրոցներում լոկալ ջեռուցման, գիշերող երեխաների համար սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հետ կապված հարցեր: Առաջարկվել է  հատուկ դպրոցները դարձնել բազմաֆունկցիոնալ, որտեղ ոչ միայն կրթական, այլ նաև սոցիալական, վերականգնողական ծրագրեր կիրականացնեն: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է հունիսի առաջին տասնօրյակում համատեղ քննարկել «Հատուկ դպրոցների համակարգը Հայաստանում» տեսլականը և  բարձրացված բոլոր հարցերին հնարավոր լուծումներ տալ:
Հանդիպման ավարտին խորհրդի անդամները նախարարին հրավիրել են մասնակցել հունիսի 2-ին՝ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվելիք միջոցառմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։