Աջակցություն երիտասարդ գիտնականներին
2011-05-06
Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթը այս տարի առաջին անգամ իրականացվել է, ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ ԿԳ նախարարության եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախքան վկայագրերի հանձնելը կոմիտեի նախագահը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ շնորհելով Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ»: Պարգևը գիտնականին շնորհվեց հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառում ունեցած ձեռքբերումների, գիտական կադրերի պատրաստման և գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի ու ներդրումների համար:
Միջոցառման ընթացքում նաև մտադրությունների հուշագիր կնքվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջեւ: Հուշագրի նպատակն է նպաստել ՀՀ գիտական համակարգը ժամանակակից հետազոտական հմտություններով զինված կադրային ներուժով համալրելու գործընթացին, ինչպես նաեւ խթանել Հայաստանի երիտասարդ գիտնականներին զբաղվելու արդյունավետ գիտական գործունեությամբ: Հուշագրի ստորագրմամբ կողմերը նպատակ են հետապնդում համախմբել իրենց հնարավորությունները եւ մրցութային հիմունքներով դրամաշնորհներ տրամադրել եւս մի խումբ երիտասարդ գիտաշխատողների եւ ասպիրանտների:
Դրամաշնորհի արժանացած երիտասարդները շնորհակալություն հայտնելով ընդգծեցին պետության կողմից իրենց աշխատանքի նկատմամբ ուշադրության, ֆինանսական օժանդակության կարեւորությունը և կոմիտեի դերը այդ գործում:












