«Ես սիրում եմ իմ դպրոցը»,- ասում են մուլտհերոսներ Նարեկն ու Անին

2011-05-04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական  տեսահոլովակների շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը և «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը:
Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով սոցիալական տեսահոլովակների գաղափարը, նշել է. «Սոցիալական գովազդի այս տեսահոլովակները  վերաբերում են կրթությանը, մասնավորապես   դպրոցին: Տեսահոլովակների նպատակն է նպաստել հասարակության մեջ դպրոցների նկատմամբ նոր վերաբերմունքի ձևավորմանը:   

Լրատվական հոսքերում կրթության և գիտելիքի արժևորման անհրաժեշտությունը և կարևորությունը  վաղուց է բարձրացվել  թե կառավարության, թե հանրային խորհրդի, թե ազգային ժողովի կողմից: Գիտելիքի ու կրթության այս քարոզարշավը կիրականացվի ինչպես հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր մամուլի և գովազդային վահանակների միջոցով: Քարոզարշավի հիմնական  իմաստն է դպրոցը հասարակության համար դարձնել արժեքային համակարգի կարևոր մաս»: 
«Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը և «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը ներկայացրել են տեսահոլովակների պատրաստման գործընթացը և նշել, որ հնարավորինս հաշվի են առնվել ժամանակակից հեռուստատեսության պահանջներն ու թիրախային խմբերի տարիքային  առանձնահատկությունները: Նրանք հույս են հայտնել, որ սոցիալական գովազների հերոսները՝  Նարեկն ու Անին կընդունվեն իրենց հասակակիցների կողմից:

Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նամակով դիմելու է բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներին սոցիալական գովազդների հեռարձակման և շարունակական համագործակցության առաջարկով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։