ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնական այցը Ռումինիա
2011-04-26
Ռումին գործընկերների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերը և հեռանկարները: Նախարարները գոհունակություն են հայտնել բուհական ոլորտում իրականացվող փոխանակումների կապակցությամբ, ինչի շնորհիվ այսօր Ռումինիայի զանազան կրթական հաստատություններում իրենց ուսումն են շարունակում մոտ երկու տասնյակ հայ երիտասարդներ: Նշելով հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը, ռումինահայ հարուստ և եզակի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում միջկառավարական համագործակցության ծրագրի ընձեռնած հնարավորությունները, երկուստեք պատրաստակամություն են արտահայտել կյանքի կոչելու համաձայնեցված ծրագրերը և նախաձեռնելու նորերը:
Նախարար Դանիել Ֆուներիուի, ինչպես նաև Բուխարեստի համալսարանի ռեկտոր Իոան Պընզարուի հետ քննարկման առանձին առարկա է դարձել Բուխարեստի համալսարանում հայերենի ուսուցման դասընթացի վերականգնման հարցը: Նման հնարավորություն նախատեսված է Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում միջկառավարական համագործակցության ծրագրով: Թեև Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, պայմանավորվածության համաձայն, հաջողությամբ իրականացվում է ռումիներենի ուսուցումը, Բուխարեստի համալսարանում հայերենի դասընթացներն երկրորդ ուսումնական տարին է ընդհատված են, ռումինական կողմի բացատրությամբ, բավարար պայմանների բացակայության պատճառով: Նախարար Աշոտյանը հույս է հայտնել, որ ռումինական և հայկական կողմերը, այդ թվում և տեղի հայ համայնքը, կանեն ամեն ինչ, դասընթացները վերականգնելու համար`հայերենի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով ինչպես ուսանողների, այնպես էլ երիտասարդ հետազոտողների մոտ: Դրան զուգահեռ նախարարն առաջարկել է քննարկել Բուխարեստի համալսարանում հայկական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու հնարավորությունը: Ըստ նախարարի` կենտրոնը հետամուտ կլինի Ռումինիայում առկա հայագիտական պատմական աղբյուրների ու մշակութային հսկայական ժառանգության ուսումնասիրմանը: Գաղափարը դրականորեն ընդունվել է ռումին գործընկերների կողմից և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել գիտական և համալսարանական շրջանակների հետ:
Նախարարներ Աշոտյանը և Ֆուներիուն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում համագործակցությանը` մասնավորապես ընթացիկ տարվա երկրորդ կեսին հայ-լեհական համանախագահությամբ իրականացվելիք միջոցառումներին: Ա. Աշոտյանն իր գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան: Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել լրագրողների առջև:
Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, ով որպես խմբի նախագահ Խորհրդարանում ներկայացնում է Ռումինիայի 17 այլ ազգային փոքրամասնություններին, նախարարի հետ հանդիպման ընթացքում պարզաբանումներ է տվել մայրենի լեզվի ուսուցման, մշակութային ժառանգության և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռումինական օրենսդրության, ինչպես նաև կառավարության ձեռնարկած քայլերի վերաբերյալ, որոնք ապահովում են փոքրամասնությունների իրավունքները: Վ. Փամբուկչյանը, մտահոգություն հայտնելով Ռումինիայում հայախոսների թվի նվազման կապակցությամբ, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, ինչը մասամբ բացատրվում է հայկական հավաք բնակչության բացակայությամբ, որը հնարավորություն չի տալիս տարբեր բնակավայրերում ապրող երեխաներին համախմբել մեկ դպրոցում, ներկայացրել է հայերենի հեռակա էլեկտրոնային ուսուցման իր ծրագիրը:
Հետաքրքրություն ցուցաբերելով ծրագրի նկատմամբ, նախարար Աշոտյանը հայտնել է, որ Սփյուռքի տարբեր համայնքներում հայերենի ուսուցման խնդիրները նույնն են և դրանք գտնվում են ՀՀ ԿԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, մասնավորապես նախարարությունը ջանքեր է գործադրում Սփյուռքի կրթօջախներում հայերենի ուսուցմանը նպաստելու ուղղությամբ` հաշվի առնելով, որ հայերենի իմացությունն ազգային ինքնության անկյունաքարն է, իսկ հայապահպանությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային շահերից: Առաջարկվող ծրագրի շուրջ աշխատանքային հանդիպում է կայացել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ռումինական առաջատար UTI Group ընկերության պատասխանատուների հետ:
Երկօրյա ծրագրի շրջանակում նախարարն այցելել է նաև Բուխարեստի Հայոց կենտրոն, որտեղ ծանոթացել է Ռումինահայոց թեմի, Հայոց միության, կենտրոնում գործող հարուստ թանգարանի և մշակույթի տան աշխատանքներին և ծրագրերին, հանդիպել հայկական միօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ: Հայապահպանության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ նախարար Աշոտյանը հանգամանալից զրույց է ունեցել Հայոց թեմի առաջնորդ Տաթև վրդ. Հակոբյանի, Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի այլ պատասխանատուների հետ:












