Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է ռումինացի լրագրողի հարցին
2011-04-21
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտության նախարար Դանիել Ֆուներիուի հետ, որից հետո երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում ռումինացի լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես նա կմեկնաբանի Ռումինիայի նախագահի Բաքվում կատարած հայտարարությունը և ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանի պատասխանը և արդյոք նա այդ հայտարարությունը չի դիտարկում որպես խոչընդոտ՝ կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության համար:
Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հայ-ռումինական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում խարսխված են ոչ թե աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի վրա, այլ՝ քաղաքակրթական նմանությունների և ընդհանրությունների վրա: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի մոտեցումներին համաձայն՝ հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ ինքնորոշման, խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, վաղուց կայացրել է իր որոշումը և որևէ կարծիք, որը հակասում է Ղարաբաղի ժողովրդի այդ որոշմանն ու միջազգային հանրության դիրքորոշմանը և արված է Ադրբեջանի իշխանությանն հաճոյանալու համար, չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վրա: