Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

2013-09-20

«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ  փուլը:
Մրցույթն անցկացրել են  ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին  այս տարի մասնակցել են  40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և  մայրաքաղաք Երևանից: Հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարվել է մարզային փուլի արդյունքներով:
 Յուրաքանչյուր  մարզից և Երևանից ընտրվել են լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: Ավագ դպրոցների համար նույն մրցույթի առաջին փուլը կազմակերպվել է ԿԳՆ-ի կողմից:
Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ժամանակ: «Տարվա լավագույն ուսուցչի» և «Տարվա լավագույն դաստիարակի»  գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը, իսկ տնօրենը կպարգևատրվի ՀՀ ԿԳ նախարարի կողմից:
Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար նախատեսված են պարգևներ և խրախուսանքներ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն  այս տարի կազմակերպվում է 13-րդ անգամ:  Սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:
«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։