Ի գիտություն ուսանողների

2011-04-15

«Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի «Դատի կտաՎն» հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող ՀՀ գործող օրենսդրությամբ «թերի բարձրագույն կրթություն» կամ «թերի բարձրագույն կրթության դիպլոմ» հասկացություններ սահմանված չեն: Ավելին, թե’ «Կրթության մասին» և թե’ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով /ինչպես նաև` ենթաօրենսդրական ակտերով/ ամրագրված է, որ բարձրագույն մասնագիտական կրթությունն առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն է, և համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի` այդ 3 կրթական ծրագրերը հանդիսանում են բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրեր:
Ելնելով Բոլոնիայի գործընթացի դրույթներից՝ համաձայն ՀՀ կառավարության 31.03.2004թ.-ի հմ. 425-Ն որոշման 2-րդ կետի՝ 2004/2005 ուստարվանից ՀՀ պետական բուհերում ընդունելությունը իրականացվել է երկաստիճան համակարգով /բակալավրիատ և մագիստրատուրա/: Նշենք նաև, որ ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է` բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի, բժշկական մասնագիտությունների համար` մինչև 4 տարի: Ավելին, համաձայն սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ-ում սահմանված է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ և բակալավրը հանդիսանում է բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման առաջին աստիճանը, իսկ մագիստրոսը՝ երկրորդ /ընդ որում` ներառյալ 2011թ. շնորհված դիպլոմավորված մասնագետի որակավորումը ևս համարժեք է մագիստրոսի որակավորմանը/:
Իսկ ինչ վերաբերում է բուհի հետ ուսումնական պայմանագրով նախատեսված դրույթներին, ապա համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:
Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։