Հանդիպում վաստակաշատ տնօրենների հետ

2011-03-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 60 և ավելի տարիք ունեցող տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ինչպես հանրակրթության հիմնախնդիրներին, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատության հավաստագիր ստանալու համար անցկացվող տնօրենների վերապատրաստումներին և քննություններին:
Վաստակաշատ տնօրեններն առաջարկում  էին «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 38-ի 3-րդ մասում հավելում կատարել, որոշակի վերապահումներ սահմանելով 60-ն անց տնօրեններին, վերապատրաստումների և հավաստագրման քննությունների հետ կապված: Նախարարը, նախ շնորհակալություն հայտնեց այն մեծ վաստակի համար, որ նրանք ներդրել են անկախ Հայաստանի կրթական համակարգի կայացման գործում և միաժամանակ նշեց, որ նրանց բոլորի վաստակը պետությունը հավուր պատշաճի բազմիցս գնահատել է՝ արժանացնելով տարբեր պարգևների ու խրախուսանքների:
Անդրադառնալով օրենսդրական փոփոխությանը՝ նախարարը նշել է, որ օրենքը հաստատվել է դեռևս 2009-ին և բավական ժամանակ կար, որպեսզի առաջարկություններ ներկայացվեին: Նախարարը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումներին գործող օրենքի շրջանակում ներկայացնել առաջարկություններ, որոնք կքննարկվեն տնօրենների հետ հաջորդ հանդիպման ժամանակ: Նախարարը տեղեկացրեց նաև, որ հաշվի առնելով տնօրեններից ստացված առաջարկությունները, փոփոխություններ են կատարվել տնօրենների հավաստագրման քննությունների հարցաշարերում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ոլորտին առնչվող և տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցեր, մասնավորապես ավագ դպրոցների կայացման, դաստիարակության գործընթացի արդյունավետության բարձրացման հետ, դասղեկների նոր մասնագիտական կրթության ներդրման հետ կապված հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։