Հայ-սիրիական համագործակցության նոր հեռանկարներ
2011-03-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար պարոն Աբդուլ Համիդ Սալլումին: Ողջունելով հյուրին` նախարարը երախտագիտության խոսք է արտահայտել Սիրիայի ժողովրդին ինչպես նախորդ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության ու վերաբերմունքի, այնպես էլ այսօր Սիրիայում ապրող հայ համայնքին ու հայկական կրթամշակութային հաստատություններին հատկացված ուշադրության համար:
Անդրադառնալով կրթության և գիտության բնագավառին` նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ զարգանում է, մասնավորապես ընդգծելով Հալեպի համալսարանում բացված հայագիտական կենտրոնի գործունեությունը, որը ներուժ ունի դառնալու երկու ժողովուրդների բարեկամության ու գիտական համագործակցության լավագույն օրինակ: ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում իրականցվող բարեփոխումների համատեքստում` նախարարն անդրադարձել է նաև կրթության որակի ապահովման առումով նախկինում արձանագրված սիրիացի ուսանողների և ոչ պետական որոշ բուհերի հետ կապված հիմնախնդրներին, նշելով, որ դրանք հիմնականում ստացել են իրենց լուծումները: Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ նախարարության և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան համագործակցությունը կուղղվի նաև սիրիացի ուսանողների շրջանում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հեղինակության ու գրավչության բարձրացմանը: Նախարարը նշել է նաև, որ Սիրիայի բարձրագույն կրթության նախարար, դոկտոր Ղիյաս Բարաքաթի նախատեսվող այցելությունը հիմքեր կստեղծի հայ-սիրիական գիտակրթական հետագա համագործակցության զարգացման համար:
Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար պարոն Աբդուլ Համիդ Սալլումն իր խոսքում անդրադարձ է կատարել հայ-սիրիական պատմական անցյալին` կարևորելով նաև այսօր հայ համայնքի մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային կյանքում, որն էլ իր հերթին երկու երկրների միջև կամուրջ է հանդիսանում համագործակցության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի նախատեսվող այցի հետ կապված այլ հարցեր: