ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ /2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-24/
2011-02-23
Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող դպրոցականներ:
Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/ սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի հարցաշարում ընդգրկվելու են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից ու մշակույթիցÖ‰ Օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր, հաղթողները որոշվելու են երկու փուլերում վաստակած միավորների գումարի արդյունքներով:
Գրավոր փուլի մասնակիցներին տրվելու է մեկ միասնական` վերոնշյալ բոլոր ոլորտները ընդգրկող հարցարան: Հայերենի չտիրապետող և օտարազգի մասնակիցներին հարցարանը տրվելու է նրանց համար նախընտրելի լեզվով` առանց հայոց լեզվին վերաբերող առաջադրանքների:
Բանավոր փուլը անցկացվելու է երկու օր:
Առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականության հինգ դասականների (Մեսրոպ Մաշտոց, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Գրիգոր Զոհրապ և Միսաք Մեծարենց) կենսագրության և ստեղծագործության շրջանակներում:
Երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից` բանավոր հարցերի միջոցով: Երկու օրերում կայացած մրցույթների արդյունքները գումարվելու են` հաղթողներին հայտարարելու համար:
Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 3, 6 և 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական մրցանակներ:
Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի մրցույթներ, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Հնարավորության դեպքում, ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/ ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկից/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության /խմբի/ ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Ձեռնարկներին համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների, ղեկավարների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2011 թվականի հունիսի 20-ը: Իսկ մինչև հուլիսի 10-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:
Օլիմպիադայի ծրագիրը և ժամանակացույցը կներկայացվեն լրացուցիչ:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am և Կրթական տեխնոլոգիաների կենտոնի www.armedu.am կայքէջերում` «Սփյուռք» բաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքաէջ. www.edu.am, www.armedu.am












