Լույս է տեսել «Լեզվաշխարհ» ժողովածուն

2011-02-22

Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հրատարակած «Լեզվաշխարհ» ժողովածուի շնորհանդեսը:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենիի միջազգային օր:  ՀՀ-ում Մայրենիի միջազգային օրը նշվում է 2005 թվականից:
Արդեն յոթ տարի է, ինչ մեր երկիրը նույնպես այդ օրը ներառել է պետական տոնացույցում, և այն արդեն իր ուրույն տեղն ունի Գիտելիքի օրվա, Գրի ու դպրության, Թարգմանչաց տոների կողքին:
Այս տոնը առիթ է` անդրադառնալու ազգային ինքնության աղավաղմանը նպաստող երևույթների առկայության պայմաններում հայոց լեզվի, որպես մեր ազգային ամենամեծ մշակույթի, պահպանման ու զարգացման խնդիրներին:Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական, սոցիալական, քաղաքական ու մշակութային տեղաշարժերն ազդել են նաև լեզվավիճակի վրա: Սակայն Լեզվի տեսչությունը հակված չէ մտածելու, թե առկա լեզվական դժվարությունները հնարավոր է հաղթահարել միայն վարչական մեթոդներով: Լեզվաքարոզչությունը, մեր քաղաքացիներին լեզվական օրենսդրության պահանջների մասին իրազեկումը հնարավորություն կընձեռեն շտկելու իրավիճակը: Այս ճանապարհին մի քայլ է Լեզվի պետական տեսչության հրատարակած «Լեզվաշխարհ» ժողովածուն: Այն նվիրված է մեր մայրենիի հիմնախնդիրներին, որոնք ժողովածուում ներկայանում են ճանաչված լեզվաբաններ, մտավորականներ: Նախատեսվում է 2011թ. «Լեզվաշխարհ»-ը հրապարակել որպես պարբերական:
Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը նշանավորվեց նաև Լեզվի պետական տեսչության պատվոգրերի հանձնումով, որին արժանացան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Իրատես դե ֆակտո», «Կանչ» թերթերը, ուսուցիչներ Նարինե Գալստյանը (թ. 198 դպրոց), Հասմիկ Ղազարյանը («Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»), Լարիսա Մկրտչյանը (թ. 4 դպրոց), Հրեղեն Դավթյանը (թ. 51 դպրոց), Մարիամ Ամիրյանը (թ. 137 դպրոց) և Լենա Չարխչյանը (Արարատի մարզի Գոռավանի դպրոց):
Մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, տեսչության նախկին պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լավրենտի Միրզոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։