Մասնավոր հատվածը ստանձնում է սոցիալական պատասխանատվություն
2011-02-21
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բ. Բեգլարյանն ասել է, որ խորհրդարանական լսումների ժամանակ «Կրթության զարգացման պետական ծրագիրը» ներկայացնելիս կրթության և գիտության նախարարը հայտարարություն է արել, որ ոլորտի բարեփոխումների համար անհրաժեշտ է նաև մասնավոր սեկտորի օգնությունը: Նա որոշել է անմիջապես արձագանքել այդ հայտարարությանը և բոլոր գործարարներին էլ կոչ է անում հետևել իր օրինակին և նպաստել կրթական համակարգի բարեփոխումներինÖ‰
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակցությամբ առնվազն երեք ամիսը մեկ անգամ թիվ 16 ավագ դպրոցում կկազմակերպվեն մեթոդաբանական սեմինարներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ և միջոցառումներ` նպաստելով համագործակցային մեթոդի յուրացմանն այլ հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով յուրաքանչյուր աշակերտի համար կապահովվի հանրակրթության բարձր որակ: Հուշագրի համաձայն` 2011-2012թթ. ուսումնական տարվանից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է թիվ 16 ավագ դպրոցում ապահովել ուսուցման համագործակցային, ինչպես նաև այլ ժամանակակից մեթոդները կիրառելու և զարգացնելու սկզբունքը:
Հիմնադրամն իր հերթին պարտավորվում է յուրաքանչյուր տարի թիվ 16 ավագ դպրոցին տրամադրել ՀՀ Պետական բյուջեից ստացված հատկացումների մինչև 50 տոկոսի չափով լրացուցիչ ֆինանսավորում, որը կուղղորդվի դպրոցի հիմնանորոգմանը, դասասենյակների արդիականացմանն ու կահավորմանը, մանկավարժական կադրերի մասնագիտական կատարելագործմանը, դպրոցի աշխատակիցների և սովորողների խրախուսմանը և խորհրդի կողմից երաշխավորված այլ նպատակների իրականացմանը:












