Խրախուսվում է սփյուռքահայերի կրթությունը հայրենիքում

2011-02-10

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ամփոփել է 2010-2011 ուսումնական տարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններ արտոնյալ պայմաններով սփյուռքահայ դիմորդների ընդունելության արդյունքներըÖ‰Նախարարության կողմից 1997 թվականից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի մասնագիտական կրթության միջոցով Սփյուռքի երիտասարդությանը կապել հայրենիքին, մասնագիտական կադրեր պատրաստելու գործում աջակցել Սփյուռքին, նպաստել տեղերում ազգային կրթության կազմակերպմանը և հայագիտության զարգացմանն ուղղված գործին, ինչպես նաև՝ խրախուսել ներգաղթըÖ‰

 

Սփյուռքահայերի կրթությունը Հայաստանում կազմակերպվում է բոլոր ուսումնական աստիճաններում (միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորանտի), ուսուցման բոլոր ձևերով (առկա, հեռակա, հեռավար), վճարովի և անվճար հիմունքներով:
2010-2011 ուսումնական տարվա տվյալներով ընդհանուր առմամբ 3370 սփյուռքահայ է սովորում Հայաստանի պետական բուհերում, որից 296-ը պետական պատվերի, իսկ 3074-ը՝ վճարովի համակարգում: Սփյուռքահայ 466 երիտասարդ մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում հանրապետությունում գործող միջազգային, իսկ 785-ը` ոչ պետական բուհերումÖ‰ Քոլեջներում  սովորում է 205 սփյուռքահայ ուսանողÖ‰
Մեր հայրենակիցներն ընթացիկ ուսումնական տարում ամենաշատը նախընտրել են կրթություն ստանալ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ 406 ուսանող, ԵՊՀ-ում՝ 280, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում՝ 234, Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 94, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ 83Ö‰
Որդեգրած ռազմավարությունն իրագործվում է սփյուռքահայերի համար ընդունելության արտոնյալ պայմաններ սահմանելու միջոցով: Վերջինիս կարիքը բխում է այն իրողությունից, որ Հայաստանից դուրս միջնակարգ կրթություն ստացած անձը դժվարություններ է ունենում Հայաստանում գործող կրթական չափորոշիչներին և ուսումնական ծրագրերին համապատասխան ընդունելության քննությունները  հանձնելու հետ կապված: Սփյուռքի երիտասարդության ստվար մասի հայերենի չիմացությունը կամ ոչ բավարար իմացությունը նույնպես  խոչընդոտում է Հայաստանում նրանց կրթություն ստանալուն: Արտոնյալ պայմանները սփյուռքահայերին հնարավորություն են տալիս ընդունվելու առանց քննությունների` նախապատրաստական բաժնի միջոցով:
Ծրագիրն անուղղակիորեն ծառայում է նաև ներգաղթին: Հարցումների համաձայն` ՀՀ ուսումնական հաստատություններում կրթություն ստացած սփյուռքահայերի մի մասն այլևս չի վերադառնում իր բնակության երկիրը և հետագա կյանքը կապում է Հայաստանի հետ: Վերջին հինգ տարիներին նման դիմորդների թիվն աճում է: Սփյուռքահայերի անվճար կրթությունը կազմակերպվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 70 պետպատվերային տեղերի շրջանակում: Տեղերի բաշխումը իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստեղծվող հանձնաժողովի նիստում՝ առաջնահերթություն տալով հայագիտական, մանկավարժական, արվեստի և Սփյուռքի համար գերակա նշանակության ունեցող այլ մասնագիտություններին:
Հատուկ պայմաններ են ստեղծված Սփյուռքում աշխատող մանկավարժների համար, ովքեր կարող են իրենց ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանի հեռակա բաժնում, մագիստրատուրայում կամ բակալավրիատում: Բարձրագույն ոչ մանկավարժական կրթության առկայության պարագայում կարող է հաշվարկվել առարկայական տարբերությունը և ուսումը սկսվի 2-րդ կամ 3-րդ կուրսից:
2011 թվականին սփյուռքահայ դիմորդների թվի աճ է նախատեսվում, քանի որ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել է լրացում, համաձայն որի,  Հայաստանից դուրս կրթություն ստացած երկքաղաքացիները կարող են օգտվել օտարերկրացիների համար նախատեսված արտոնություններից, ինչի հնարավորությունը նախկինում չի եղելÖ‰
2010-2011 ուսումնական տարում Հայաստանի բուհերում և քոլեջներում սովորող սփյուռքահայերը հիմնականում եկել են Վրաստանից՝ 1645 ուսանող, Ռուսաստանից՝ 1073, Իրանից՝ 291, Սիրիայից՝ 82, Ուկրաինայից՝ 65 և Թուրքմենստանից՝ 40Ö‰

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։