Խորհրդակցություն` կրթության ազգային ինստիտուտում
2011-01-24
Նախարարի հանձնարարությամբ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները:
Նախարարն ամփոփելով կրթության ազգային ինստիտուտի վերաբերյալ զեկույցը` նշել է, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է բովանդակային և կառուցվածքային փոփոխությոններ իրականացնել կրթության ազգային ինստիտուտում: «Քարտեզագրվում է կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի նոր տարբերակը և քննարկվում որոշ մասնաճյուղերի փակման կամ միավորման հարցը, որն ավելի օպտիմալ կդարձնի կառույցի ֆինանսական միջոցների ծախսման գործընթացը» -նշել է նախարարը:
Անդրադառնալով իրականացվող վերապատրաստումների գործընթացին` նախարարը նշել է, որ ներկայիս իրավական դաշտը, մասնավորապես «Հանրակրթության մասին» օրենքը հնարավորություններ է տվել վերապատրաստումների ու ատեստավորումների գործընթացը բաց դարձնել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական, տեղական և միջազգային կառույցների համար: «Եթե տարիներ շարունակ կրթության ազգային ինստիտուտն այս հարցում ուներ մենաշնորհային դիրք այս դաշտում, ապա ակնհայտ է, որ խաղի նոր կանոնների պարագայում այն կունենա որակի հավաստման նոր մեխանիզմների կարիք: Անցյալ տարի մեկնարկած տնօրենների վերապատրաստման գործընթացը հավաստագրման շրջանակում ցույց տվեց, որ ունի կրթության ազգային ինստիտուտի մասնագետների մեծ պահանջարկ, բայց կա նաև այլընտրանք: Նախարարությունը խրախուսելու է այլընտրանքների ձևավորումը այս դաշտում» - ասել է նախարարը:
Անդրադառնալով միջին դպրոցում ծրագրերի բեռնաթափման խնդրին` նախարարը նշել է, որ այն 2011 թվականի ամենամեծ հասարակական ուշադրություն վայելող աշխատանքներից մեկն է լինելու: Նախարարը հանձնարարել է ծրագրերը դնել հասարակական լայն քննարկման, ուսումնասիրել ստացված բոլոր կարծիքները և նոր միայն ներկայացնել հաստատման: «Այս պահին ներկայացված ծրագրերը չեն բավարարում, որովհետև չեն լուծում այն խնդիրները, որոնք մեր առջև դրված էին ՀՀ Նախագահի և կառավարության կողմից» -նշել է նախարարը, հավելելով, որ միջին դպրոցում բովանդակային առումով ծրագրերը 15-20 տոկոս ծանրաբեռնված են, քան այլ երկրների հանրակրթական ծրագրերը:
Նախարարը հանձնարարել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող բոլոր պարբերականների էլեկտրոնային տարբերականները տեղադրել կառույցի նոր կայքում, որպեսզի հասանելի լինի հասարակության հնարավոր լայն շերտերին: Հանձնարարվել է քննարկել նաև կրթության ազգային ինստիտուտի կողմից մագիստրոսկան ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, քանի որ առկա են անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական, բովանդակային և կադրային ռեսուրսներ:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` առավել մեծ ուշադրության արժանացնել Հայոց բանակի օրվան և Գ. Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքներին` ներդնելով ստեղծագործական նոր միտք ու հոգի: Հանձնարարվել է նաև մինչև ԱԺ ներկայացնելը «Կրթության զարգացման ծրագրի» նախագիծը վերանայել` ներառելով հնարավորինս օբյեկտիվ և հիմնավորված ցուցանիշներ: Ընդառաջելով Հայաստանում ասորական համայնքին` նախարարը հանձնարարել է սկսել աշխատանքները թիվ 29 ավագ դպրոցի հումանիտար հոսքում ասորերենի դասարան բացելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:












