Գիտելիքի առողջ մրցակցություն

2011-01-21

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին`  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն  տնտեսական, քաղաքական, այլ նաև հումանիտար  համագործակցության ոլորտում, մասնավորապես ստեղծելով հնարավորություններ մեր երկու երկրների երիտասարդ սերունդների համար`  սկսած այս տարիքից ծանոթանալ, շփվել,  աշխատել, ապրել  առողջ մրցապայքարում, փորձելով հարթել ճանապարհը դեպի ճշմարտություն: 
«Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում պետություններից մեկը  փորձում է այլ պետություններին թելադրել սպառազինությունների մրցավազք, սակայն վստահ ենք, որ մեր տարածաշրջանի ապագան ոչ թե սպառազինությունների մրցավազքի մեջ է, այլ գիտելիքի առողջ մրցակցության» նշել է նախարարը և հավելել. «Պատահական չէ, որ օլիմպիադայի մեկնարկը համընկել է նաև Վրաստանի Նախագահ Մ. Սահակաշվիլու Հայաստան պաշտոնական այցին, սա նույնպես խորհրդանշական է, որ երկու երկրների նախագահների մտերմությունը, հարաբերությունները, բարեկամությունը փոխանցվում է նաև  երիտասարդ սերնդին»: Նախարարը նաև ընդգծել է, որ օլիմպիադան կլինի շարունակական և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:
Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուդա Գոգլիուչիձեն, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է, որ այս մրցույթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջև շփումների և բարեկամության խորացման համար: Նա վստահություն է հայտնել, որ օլիմպիադան շարունակական բնույթ է ունենալու:
Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անց է կացվում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից: Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում են 30-ական աշակերտ, յուրաքանչյուր առարկայից տասական աշակերտ: Հայկական թիմում հանդես են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկված են նաև Վրաստանում ապրող, ազգությամբ հայ աշակերտներ:
Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցում են ԵՊՀ-ն, «Սինոփսիս» ընկերությունը և «Փյունիկ» բարեգործական  հիմնադրամը:
Հունվարի 22-ին կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները, և հաղթողները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։