Ուսանողական խորհուրդների մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում
2010-12-29
«Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թթ. համալիր գործողությունների ծրագրի» շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների հետ: Նախարարի տեղակալը, ողջունելով կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում ուսանողների ակտիվ մասնակցության պատրաստակամությունը, նշել է, որ ծրագրի հաջողության գրավականը բոլոր կողմերի հետևողական և համատեղ աշխատանքն է:
ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները համալիր գործողությունների ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև իրենց հետաքրքրող հարցեր են բարձրացրել նախարարի տեղակալի և հանդիպմանը մասնակից նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների առջև: Ծավալված քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Կ. Հարությունյանն առաջարկությունների փաթեթի վերաբերյալ նշել է, որ այն քննարկվել է նախարարությունում, և առաջարկությունների հիմնական մասն ընդունվել են ու կընդգրկվեն ծրագրից բխող գործընթացների նախագծում: Նա հավելել է նաև, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի այն մոտեցումները, որոնք վերաբերում են կոնկրետ Երևանի պետական համալսարանին, ընդգրկվեն ուսումնական հաստատության կողմից մշակվող ծրագրում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել շփումները դարձնել պարբերական:












