Ռազմահայրենասիրական դաստիարակությունը` գերատեսչությունների համագործակցության առանցքում
2010-12-22
ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանը, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վ. Խաչատրյանը:
Բացելով խորհրդակցությունը` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշել է, որ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդրում կարևոր է զինվորականների, մանկավարժների, և առհասարակ, ողջ հասարակության համակարգված աշխատանքը` հավելելով, որ մշակվել է հանրակրթական և միջին մասնագիական ուսումնական հաստատությունների սովորողների նախազորակոչային պատրաստության և և ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը բարելավելու ծրագիր:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ բոլոր այն գերատեսչությունները, որոնք լծվել են երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին, պետք է հետևեն ժամանակի նոր հրամայականին` իրականացնեն իրենց աշխատանքը` 21-րդ դարի տեղեկատվական հոսքերին համահունչ: «Կրթական բարեփոխումների ընթացքը ենթադրում է ոչ միայն կրթական նպատակներ, այլ նաև դաստիարակված, հայրենասեր քաղաքացու պատրաստում: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրույթում ընդգրկված երիտասարդ սերնդի դաստիարակությունը նոր հարթակ է ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից: Դաստիարակության խնդիրը պետք է բաժանել է երկու հիմնական բաղադրիչի` ռազմահայրենասիրական և քաղաքացիական դաստիարակություն, որոնց միահյուսումը թույլ կտա հասարակության համար պատրաստել պետության խնդիրներով մտահոգ վաղվա քաղաքացուն, ով լավ գիտի նաև իր իրավունքները: Ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից պաշտպանության ոլորտը հանդիսանում է մեր պետության արտաքին հենասյունը, կրթությունը` ներքին: Բոլորիս աշխատանքի վեկտորը պետք է ուղղված լինի մեր երկրի պաշտպանության և ազգային անվտանգության բարձրացմանը»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ողջ տարվա ընթացքում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից համառ, հետևողական, երբեմն անտեսանելի աշխատանք է տարվել դպրոց-բանակ համագործակցության ուղղությամբ, որը, ըստ նախարարի, արդեն սկսել է տալ իր պտուղները և հետագայում պետք է կրի ավելի սերտ և արդյունավետ բնույթ:
«ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ՆԶՊ, ռազմահայրենասիրական դաստիարակության և «Ֆիզկուլտուրա» առարկայի դրվածքը, նյութատեխնիկական բազայի ապահովումը, խնդիրները և ուղիները» թեմայով զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ինչպես նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վ. Խաչատրյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը 2010 թվականին կատարված աշխատանքները գնահատել է դրական և հույս հայտնել, որ գործընթացը կդառնա համակարգային` ընդգրկելով ոչ միայն այլ գերատեսչություններ, այլև ողջ հասարակությանը:
Խորհրդակցության ավարտին ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում կատարած աշխատանքների և ունեցած ներդրման համար մի շարք անձանց հանձնվել են տարբեր գերատեսչությունների մեդալներ և շնորհակալագրեր, մասնավորապես, կրթության ոլորտում ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում ունեցած ավանդի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսի Սարգսյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Ռուբենի Չալյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Մայիսի Ասրյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Միխայելի Աֆյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության զենքի թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Գրիգորի Ամիրյան, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ Վոլոդիայի Մինասյանը, ՊՆ նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ՀՀ ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Ալբերտ Վանուշի Հակոբյանը:












