2010 թվականը` դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի և զարգացման տարի
2010-12-20
Դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի և զարգացման տարի. այսպես է բնութագրել է 2010 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացված աշխատանքները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` այսօր նախարարությունում հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում: Անդրադառնալով ողջ տարվա ընթացքում ոլորտում իրականացված քաղաքականությանը` նախարարը հասարակական ընկալման մեջ մատնանշել է երեք կարևորագույն փոփոխություն.
«Կրթության ոլորտն այս տարի գտնվել է ոչ միայն իշխանությունների, այլ նաև հասարակության համակ ուշադրության կենտրոնում: Մյուս ձեռքբերումը հասարակության հետ նախարարության սերտ կապն է, որը դրսևորվել է ինչպես յուրաքանչյուր քաղաքացու ահազանգին, դիտողությանը և դժգոհությանը արձագանքելով, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ տարվող ամենօրյա աշխատանքների արդյունքում: Եվ երրորդ` այս տարին բոլոր ոլորտներում գիտելիքի արժևորման գործընթացի սկիզբն էր, որը նույնպես հասարակության հետ տարվող աշխատանքի արդյունքում է»,-նշել է նախարարը` ընդգծելով կրթության և գիտության ոլորտներում իրականացված աշխատանքները, մասնավորապես, խոսելով նախադպրոցական կրթության ոլորտի հիմնախնդիրների մասին` Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ համայնքների 2/3-ում գոյություն չունեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այս տարի Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շնորհիվ Արարատի և Արագածոտնի մարզերի 41 համայնքում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար հիմնվել են նախակրթարաններ:
Ամփոփելով հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքները` նախարարը նշել է, որ տարին կարելի է շրջադարձային համարել` դպրոցների տնօրենների հավաստագրման և վերապատրաստման նոր կարգի ընդունման և մեկնարկած վերապատրաստման դասընթացների առումով: Նա տեղեկացրել է, որ հինգ կազմակերպություն արդեն իրավունք է ստացել վերապատրաստել դպրոցի տնօրենի թեկնածուներին, ովքեր հունվարի 15-ին նախարարությունում կհանձնեն համապատասխան քննություններ և դրական արդյունքի դեպքում կստանան դպրոցի տնօրեն աշխատելու հավաստագիր: «Սա հանրակրթության կառավարման ոլորտում կադրային քաղաքականության տեսակետից հեղափոխական փոփոխություն է: Նույնը վերաբերում է նաև այս տարի ընդունված ուսուցիչների ատեստավորման գործընթացին. անկախ վաստակից, աշխատանքային փորձից, որակական հատկանիշներից` բոլոր ուսուցիչները ստանում են նույն աշխատավարձը: Ատեստավորման նոր կարգը թույլ կտա իրականացնել տարբերակված ֆինանսավորում և խրախուսման խթաններ ստեղծել մասնագիտական հետագա կատարելագործման համար»,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ այս տարի 43-ով ընդլայնվել է նաև ավագ դպրոցների ցանցը, բացի այդ, տպագրվել են ավագ դպրոցների նոր դասագրքեր, որոնց համար անցկացվող մրցութային կարգը նույնպես փոխվել է: Աշակերտական 7 միջազգային օլիմպիադայից հայ դպրոցականները վերադարձել են 7 մեդալով: Տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հատուկ և ներառական կրթության ոլորտներին, մասնավորապես, հատուկ դպրոցների համակարգում արձանագրված մի շարք կադրային խնդիրներ ստացել են իրենց լուծումները, ստեղծվել է հատուկ դպրոցների հասարակական մշտադիտարկման խումբ, որի աշխատանքների շնորհիվ, ըստ նախարարի, հնարավոր է դարձել կենտրոնացնել նաև հասարակական կարծիքն տվյալ ոլորտում:
Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին` Ա. Աշոտյանը նշել է, որ տարվա ընթացքում շարունակվել են բարեկարգման աշխատանքները 12 միջին մասնագիտական հաստատություներում, որոնք, ըստ նախարարի, հավակնում են դառնալ տարածաշրջանային բազմագործառութային կենտրոններ: Բացի այդ, 80 մասնագիտության գծով մշակվել են մասնագիտական կրթական պետական չափորոշիչներ:
Ամփոփելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` Ա. Աշոտյանը շեշտել է, որ այս տարի ընդունվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը», ինչը, ըստ նախարարի, թույլ կտա էլեկտրոնային միջավայրի, նորարար տեխնոլոգիաների օգտագործումը կրթության և գիտության ոլորտներում դարձնել ավելի կանոնակարգված և քաղաքացիներին ապահովել կրթության հավելյալ հնարավորություններով: Բոլոնիայի գործընթացի համատեքստում կրթական երրորդ աստիճանում ներդրվել է կրեդիտային համակարգը: «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ-ում պետական և ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի և միասնական քաղաքականության ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների և ուսանողների համար: Նախարարը նաև թվային տվյալներ է բերել բարձրագույն կրթության բոլոր աստիճանների ընդունելության վերաբերյալ, մասնավորապես, առկա և հեռակա ձևերով 2010 թվականին իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն են ստացել 20 հազար բակալավր, 6700 մագիստրոս և 300 ասպիրանտ, ընդհանուր առմամբ` 27000 ուսանող: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի մեկնարկել է բուհերի մրցակցային ֆինանսավորման փորձնական ծրագիրը, համաձայն որի` մեխանիկական ֆինանսավորումից զատ բուհերին տրվելու են նաև դրամաշնորհներ` նորարարական կրթական գործունեության և բարեփոխումներ իրականացնելու համար:
Նախարարն անդրադարձել է նաև ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստվածության, ռազմագիտության դասավանդման խորացման խնդիրներին` նշելով, որ տարվա ընթացքում 135 ուսումնական հաստատության հատկացվել է ուսումնական զենք:
Միջազգային համագործակցության շրջանակում 2010 թվականին կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են կնքվել են մի շարք պետությունների հետ` Ավստրիա, Ղազախստան, Սլովենիա, Վրաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքմենստան, Չեխիա, ինչպես նաև մի քանի միջազգային կազմակերպություների հետ: Միջպետական պայմանագրերով այս տարի 220 ուսանող հնարավորություն է ստացել իր կրթությունը շարունակել արտերկրում: Կազմակերպվել է նաև է 420 օտարերկրացու ընդունելություն:
Անդրադառնալով Սփյուռքի կրթօջախների հետ իրականացվող աշխատանքներին` Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շուրջ 50 000 օրինակ գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր է տրամադրել Սփյուռքի 38 երկրի կրթօջախների: Լուծվել է նաև Ջավախքի հայկական դպրոցների` դասագրքերով ապահովման խնդիրը, որը կշարունակվի նաև 2011 թվականին: Առաջին անգամ Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերապատրաստվել է 100 հայ ուսուցիչ: Բացի այդ, Սփյուռքի համար ստեղծվել է առցանց գրադարան, որտեղ զետեղված է 8 ուսումնական ձեռնարկ, որից կարելի է օգտվել ինչպես ներբեռման, անպես էլ առցանց սկզբունքով: Էլեկտրոնային շտեմարանից արդեն օգտվում է շուրջ 6000 այցելու:
Կարևորելով հասարակության հետ տարվող աշխատանքները, հանրային կապերի ոլորտում հրապարակայնությունն և թափանցիկությունը` նախարարն ընդգծել է, որ նախարարության կայքն այցելությունների տեսակետից ողջ տարվա ընթացքում գերատեսչական կայքերի մեջ եղել է առաջատար եռյակում:
2010 թվականին մասնակի կամ ամբողջությամբ կասեցվել է 25 ուսումնական հաստատության լիզենզիայի գործողությունը: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և մյուս տարի ևս նախարարությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կիրականացնի ուսումնական գործընթացի նվազագույն որակի ապահովման գործընթացներ: Այս տարի ներդրվել է նաև լիցենզավորման գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգը, որը, ըստ Ա. Աշոտյանի, կհեշտացնի և թափանցիկ կդարձնի համակարգը:
Նախարարն անդրադարձել է գիտության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես, այս տարի ներդրվել է մրցակցային ֆինանսավորման սկզբունքը. շուրջ 6000 հայտ է ներկայացվել գիտական շրջանակից, այդ թվում` ճյուղային և բուհական գիտական հաստատություններից, որոնք ֆինանսավորվելու համար միջազգային փորձաքննության են ենթարկվում պետության կողմից: Ըստ նախարարի` գիտությանը տրամադրվող գումարներն ավելի նպատակային պետք է ծախսվեն` գիտական աշխատանքների որակին համապատասխան: Մոտ ժամանակներս կհայտարարվի նաև երիտասարդ գիտնականների ֆինանսական ծախսերի համար մրցույթ, և պետությունն առանձին տողով կֆինանսավորի երիտասարդ գիտնականների գործունեությունը: Բարեփոխումներ են իրականացվել և 2011 թվականին շարունակվելու են պաշտպանական խորհուրդների, ատենախոսությունների, գիտական փորձաքննության, գիտական ամսագրերի և հրատարակությունների ցանկերի հաստատման գործընթացներում: 2010 թվականին դոկտորի գիտական կոչում է ստացել 43, իսկ թեկնածուի` 485 անձ, 11 աշխատանք բեկանվել է, իսկ 27–ը` վերադարձվել է կրկնակի փորձաքննության:
Առաջին անգամ տեսչական ստուգումներ են իրականացվել ՀՀ մարզային տարածքային վարչություններում, որոնք մեկնարկել են Շիրակի մարզպետարանից: Կրթության պետական տեսչությունը 2010 թվականի ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ, մասնավորապես, 108 թռիչքի դեպք և 10-11-րդ դասարանների ուսումնասիրության դեպքում` 11 կրկնակի հաշվառում, որը շուրջ 25 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը: Համապատասխան տեղեկանքներն ուղարկվել են Երևանի քաղաքապատարան և մարզպետարաններ:
2010 թվականին շարունակվել է նաև դպրոցների համակարգչայնացման և համացանցայնացման աշխատանքը. այս տարի ինտերնետը հասանել է դարձել ևս 300 դպրոցում: Ընդհանուր առմամբ` 944 դպրոց արդեն ապահովված է ինտերնետի մուտքով:
Ամփոփելով իրականացված աշխատանքները` նախարարը կարևորել է նաև ԼՂՀ-ի հետ իրականացվող գործընթացները. այս տարի 20 տոկոսով ավելացել է Արցախի համար նախատեսված բակալավրիատի տեղերի թիվը, ՀՀ կառավարության աջակցությամբ Ղարաբաղի 8 ավագ դպրոցներ ապահովվել են համակարգչային լսարաններով:
Նախարարը, անդրադառնալով հասարակության շրջանում գիտելիքի վերաարժևորման կարևորությանն ու այդ գործընթացում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությանը ինտելեկտուալ խաղերի տարածմանը, նշել է, որ «Ինչ, որտեղ, երբ» խաղի ՀՀ թիմերից մեկն առաջին անգամ ինտլեկտուալ խաղերի պատմության մեջ մտել է 40 լավագույն թիմերի մեջ`ճանաչվելով Հարավային Կովկասի ուժեղագույն թիմը:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Ասուլիսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին ողջ տարվա ընթացքոմ ցուցաբերած ակտիվության և կրթության, գիտության ոլորտում իրականացվող գործընթացները հանրությանը ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել է բոլորին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:












