Համակարգչային նոր ծրագիր` Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար

2010-12-17

ՀՀ կրթության և գիտության  նախարարությունում այսօր տեղի է ունեցել «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը: «Ներկայումս ամբողջ աշխարհն անցում է կատարում նոր ապրելակերպի, որը պահանջում է նոր աշխարհայացք և աշխարհընկալում: Դրանից են բխում արձանագրվող գիտատեխնիկական նվաճումները, որոնք հատկապես դրսևորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին, և այս համատեքստում կրթության ոլորտն ամենամեծ պատասխանատությունն է կրում հաջորդ սերունդների` նոր տեխնոլոգիաների և միջոցների տիրապետման  ուղղությամբ»,-ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին` նշել է ՀՀ կրթության և գիտության  նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը` այս համատեքստում կարևորելով դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի շրջանակում «Լոգո» ծրագրի ներդրումը:
Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո»  համակարգչային ուսումնական միջավայրի ներդրումն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշմամբ, համաձայն որի`  չորս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել «Լոգո»  համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի  առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, ինչպես նաև մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում և սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում:
«Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման ժամանակ: Փաստացի աշխարհում այն իր տեսակի մեջ  ամենատարածված և ամենահաջողված ուսուցողական միջավայրն է: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին: «Լոգո» ծրագրային փաթեթի տեղայնացված տարբերակը  Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն Սփյուռքի հայկական դպրոցների  իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու  ինտերակտիվ  կրթական բովանդակություն:
ՀՀ կրթության ու գիտության նախարարության և «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։