ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է

2010-12-15

Հանրությանն իրազեկելու և լրատվամիջոցների որոշ հրապարակումների դիտավորյալ կամ չիմացության արդյունքում թյուր մեկնաբանությունները կանխելու նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է.
 ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի 1394-Ն որոշմամբ հաստատվել է «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական  կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու» կարգը, որի համաձայն` ՀՀ այն քաղաքացիները, ովքեր սովորում են օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական  կամ գիտակրթական հաստատություններում, կարող են դիմել և ստանալ տարկետում:

ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի 1503-Ն որոշմամբ սահմանվել են  աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների վարկանիշային ցանկերի առաջին երկու տասնյակում ընդգրկված հաստատությունները /www.armu.org/ARMU, www.timeshighereducation.co.uk, Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիա/: ՀՀ կառավարության կողմից կանոնակարգվել է այն քաղաքացիների տարկետման իրավունքը, ովքեր սովորում են տվյալ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 2-րդ  կետը սահմանում է. «Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից»: ՀՀ այն քաղաքացիներին,  ովքեր  սովորում են հանրակրթական և նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում, սակայն լրացել է նրանց 18 տարին, տարկետման իրավունք տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Վերջինս նպատակ ունի զորակոչային տարիքում գտնվող անձանց հնարավորություն տալ ավարտելու հանրակրթական ուսումնական հաստատությունը, ստանալ ատեստատ, որից հետո մեկնել զինծառայության:
Տեղեկացնում ենք նաև, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգ են մտել վերոնշյալ իրավունքից օգտվող երեք քաղաքացիներին տարկետում տալու վերաբերյալ որոշումների նախագծերը:
Տվյալ գործընթացն իրականացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխատանքային սերտ համագործակցության մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։