Շարունակվում են հակակոռուպցիոն ծրագրի շուրջ քննարկումները
2010-12-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային և նույն գրասենյակի ժողովրդավարության հարցերով խորհրդատու Մարկ Լևինսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագրի» իրականացման գործընթացում ԱՄՆ ՄԶԳ աջակցության և նոր ծրագրային առաջարկների հարցեր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախարարությունը պարտավորություն է ձեռք բերել անողոք պայքար մղել և կարճ ժամանակահատվածում կտրուկ փոփոխություններ և շոշափելի հաջողություններ արձանագրել կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ: «Կոռուպցիայի դեմ պայքարը մարզաձև չէ, որ եզրագիծը հատելիս տեսնես` որ տեղն ես զբաղեցնում: Անկախ նրանից, թե որ ոլորտը որ տեղում է հանգրվանում, կոռուպցիան անընդունելի է. այն հանրային, հասարակական ախտ է, պարզապես կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներն արտահայտվում են ավելի շատ, որովհետև կրթությունն ամենազանգվածային ոլորտն է` շուրջ 700 հազար անմիջական շահառու, սոցիալիզացիայի աստիճանը` 58 տոկոս: Կարևոր է, որ մեկ տարի հետո հասարակությունն իր վրա զգա և գնահատի կոռուպցիայի նվազման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունավետությունը»,-նշել է նախարարը` հավելելով, որ քանի դեռ հասարակության մեջ կա մի հատված, որ ինքն է շահագրգռված կոռուպցիոն երևույթների առկայությամբ, այդ պայքարը դժվար կլինի, ուստի խնդրի կարևորության շուրջ հասարակական կոնսենսուս ձևավորելն այդ պարագայում լավագույն գործիքն է:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ գործակալությունը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հակակոռուպցիոն ծրագրում ամրագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի, բուհերի համար հակակոռուպցիոն բովանդակությամբ ուղեցույցների մշակման, ինչպես նաև բուհերի կարիքների գնահատման և հանրության իրազեկման ուղղությամբ:
Նախարարն ընդունելի է համարել գործակալության առաջարկը` նշելով, որ համաձայն հակակոռուպցիոն ծրագրի` բուհի ղեկավարները, ի թիվս տարեկան հաշվետվության և բուհի հաջորդ տարվա բյուջեի, կառավարման խորհրդի հաստատմանը պետք է ներկայացնեն նաև բուհի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը, դրանից բխող միջոցառումների ծրագիրը և կատարված աշխատանքների հաշվետվությունը: Այս համատեքստում Ա. Աշոտյանն առաջարկել է առաջիկայում համապատասխան հանդիպում կազմակերպել` բուհերի և գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ` տեղում քննարկելու բուհերում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրանց դեմ պայքարի գործընթացում ԱՄՆ ՄԶԳ առաջարկած խորհրդատվական աջակցությունը: Նախարարը նաև հավելել է, որ վերջերս կազմավորված բուհերի նոր խորհուրդներն առաջիկա նիստերի ընթացքում կքննարկեն նաև բուհի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոռուպցիայի մեթոդաբանության գնահատման, ծրագրի գործողությունների արդյունավետության և այդ համատեքստում ակնկալվող հետագա միջոցառումների իրականացման խնդիրները:












