Եռօրյա համաժողովն ավարտել է իր աշխատանքները
2010-12-13
Աղվերանում ամփոփվել է «Բոլոնիայի գործընթացը. ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» թեմայով եռօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ, կրթության ոլորտի մասնագետներ, միջազգային փորձագետներ տարբեր երկրներից:
Համաժողովի մասնակիցներին ողջունել և «Բոլոնիայի գործընթացը. Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով ելույթ է ունեցել նախարար Ա. Աշոտյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին` նշել է, որ Բոլոնիայի գործընթացի խնդիրներին նվիրված նախորդ համաժողովը տեղի է ունեցել երկու տարի առաջ, և ներկա համաժողովի նպատակն է ի մի բերել անցած երկու տարվա ընթացքում իրականացված քայլերը, արձանագրել առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման մեխանիզմերը: «Հայաստանը, 2005 թվականին միանալով Բոլոնիայի գործընթացին, իրականում կատարել է հսկայական աշխատանք` բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ, սակայն այդ գործընթացի իրականացման փուլում առկա են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մի շարք խոչընդոտներ: Բոլոնիայի գործընթացը նախևառաջ քաղաքակրթական ֆենոմեն է, երբ ընդհանուր կրթական տարածքի ստեղծումով միացյալ եվրոպական հանրույթը նաև քաղաքակրթական ընդհանուր արժեքների տարածման համար միավորվեց քաղաքական և տնտեսական առանցքի շուրջ. նման նախաձեռնություններն իրենց մեջ ունեն քաղաքական խորը ենթատեքստ` այն միացյալ կրթական տարածք ունենալու խնդիրն է: Համագործակցության հաջորդ հարթությունը` տնտեսությունն է. նորմալ տնտեսության դեպքում գլոբալ աշխատաշուկան պետք է սպասարկվի գլոբալ կրթական տարածքով»,-իր ելույթում նշել է նախարարը` մանրամասն անդրադառնալով նաև Բոլոնիայի գործընթացի համատեքստում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես, կրթական երրորդ աստիճանի, կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսանողների մասնակցության ընդլայնմանը, որակի հավաստագրման մեխանիզմներին վերաբերող խնդիրներին: «Համաժողովի ընթացքում նախարարությունն իր գործընկերների հետ նպատակ ունի ազնիվ, շահագրգիռ քննարկում ծավալել բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք խոչընդոտում են համակարգի առավել սահուն և արդյունավետ զարգացումներին: Բոլոնիայի գործընթացի լիարժեք իրականացմանը խանգարող մի շարք գործոններ կան. նախևառաջ մեր աշխատաշուկայում շատ մասնագիտությունների գծով լիարժեք չի ձևավորվել բակալավրի կրթական աստիճանին համապատասխանող աշխատանքի նկարագիրը: Երկրորդ խնդիրը տնտեսություն-կրթություն կապի համատեքստում որոշակի մասնագիտությունների գծով որակյալ կադրերի պահանջարկի բացակայությունն է: Մյուս կարևոր խոչընդոտը մասնավոր ներդրողների, գործատուների փոքր շահագրգռվածությունն է կրթական համակարգի նկատմամբ` համապատասխան ներդրումների տեսքով»,-նշել է նախարարը` որպես գործընթացին խանգարող գործոն մատնանշելով նաև հանրային իրազեկման, գործընթացի վերաբերյալ հստակ հասարակական գնահատականի բացակայության խնդիրը: Այս կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարությունը պատվիրել է սոցիոլոգիական հետազոտություն` Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի, կրթության շահառուների կարծիքի վերաբերյալ, որը, ըստ նախարարի, թույլ կտա ունենալ օբյեկտիվ պատկեր, ինչն էլ հիմք կհանդիսանա հետագա անելիքներ համար: Իր ելույթում նախարարն անդրադարձել է նաև բուհերի գործունեությանը` նշելով. «Բուհերը պետք է չկորցնեն իրենց հիմնական առաքելություններից մեկը, այն է` համալսարանների քաղաքակրթական դերը, որպես հասարակության մեջ արժեք ձևավորող, վաղվա հասարակական, քաղաքական, տնտեսական էլիտան ձևավորող, քաղաքակրթության և արժեքների լույս սփռող հաստատություններ, որոնք հանդիսանում են ոչ միայն գիտելիք փոխանցող, այլ նաև դաստիարակչական, քաղաքակրթական բաղադրիչ ունեցող մեխանիզմներ»: Իր ելույթում նախարարն անդրադարձել է նաև կրթության ոլորտում միջազգային գործընկերության խնդիրներին` ընդգծելով. «Կրթությունը Հայաստանի համար հանդիսանում է ոչ միայն ազգային անվտանգության ռազմավարական հենսյուներից մեկը, այլ նաև միջազգային, եվրոպական հանրությանն ինտեգրվելու և եվրոպական քաղաքակրթական տարածքում իր ուրույն դերը պահպանելու և այդ տարածքը զարգացնելու ունակություն ունեցող երկրի կարողություն: Այլ խոսքով` ինտեգրում կրթության միջոցով, որտեղ մենք կկարողանանք մրցունակ լինել կրթական շուկայում, ապահովել մեր տնտեսությունը և հասարակությունը լիարժեք կադրերով և քաղաքացիներով և իրականում հավատալ մեր գործընթացի արդյունավետությանը»: Ա. Աշոտյանը նաև ներկաներին տեղեկացրել է, որ առաջին անգամ նախարարությունը պետական և ոչ պետական բուհերի համար հայտարարել է դրամաշնորհների մրցույթ` բարձրագույն կրթության որևէ ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով; Ըստ նախարարի` դրանք փորձագիտական խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում նախարարության կողմից կֆինանսավորվեն` յուրաքանչյուրը 3 մլն դրամի չափով, երկու` որակի և համաֆինանսավորման պայմանով: Փորձնական մրցույթի նպատակը նորարարական և ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունն է:
«Օրենսդրական դաշտի բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» թեմատիկ ելույթով հանդես է եկել նաև Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Համաժողովի ընթացքում հանդես են եկել ՀՀ պետական բուհերի խորհրդի նախագահ Ա.Սիմոնյանը` «Բոլոնիայի գործընթացը. բուհական հայացք», «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը` «Բոլոնիայի գործընթաց. Համակարգային բարեփոխումները որպես անհրաժեշտություն», Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Կ.Ակոպյանը` «Բոլոնիայի գործընթաց.ուսանողների ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացին», «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ տնօրեն Հ. Մուսայելյանը` «Շահառուների և բուհերի համագործակցությունը», Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռ.Աղգաշյանը` «Կրեդիտային համակարգի հնարավոր առանձնահատկությունները և ներդրման դժվարությունները», Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռ.Թոփչյանը` «Որակի ապահովման համակարգ, գործառույթների ապակենտրոնացում, դժվարություններ», Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա.Սարիբեկյանը` «Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգ», ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ.Ստեփանյանը` «ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը», Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գ.Հարությունյանը` «Որակավորումների ճանաչում. Հայաստանյան փորձ» զեկուցումներով:
Մասնակիցներին իրենց փորձն են ներկայացրել IELTS Եվրոպական տարածաշրջանի մարքետինգի մենեջեր Ստիվեն Քերին, IELTS Եվրոպական տարածաշրջանի բիզնեսի զարգացման մենեջեր Մայք Վելչը և Քեմբրիջ ESOL բիզնեսի զարգացման մենեջեր, Հունաստանի, Կիպրոսի և Ադրիա տարածաշրջանի պատասխանատու Մայքլ Քարթին:












