Բաց դաս` Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

2010-12-10

Մարդու իրավունքների պաշտպանության օրը Երևանի թիվ  83 ավագ դպրոցում  տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հանդուրժողականության մասին» թեմայով  բաց դաս, որն անցկացրել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով աշակերտներին և ուսուցիչներին` նախարարը նշել է, որ 1948 թվականին Փարիզում ստորագրվել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որը հիմք է հանդիսացել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև կրթությունում, մարդու իրավունքներն ամրագրող բազում իրավական ակտերի:
«ՄԱԿ-ը որպես օրվա կարգախոս այս տարի ընտրել է «Մի լռիր, ոչ ասա խտրականությանը» կարգախոսը, և այս համատեքստում պետք է հիշատակել խտրականության ձևերի, դրա դեմ պայքարի և անընդունելիության մասին: Մեր երկրի համար անցումային այս ժամանակաշրջանի ավարտին դուք ձեր ուսերին եք վերցնելու պետության, քաղաքացիական հասարակության զարգացման ողջ պատասխանատվությունը: Մեր դարաշրջանում իրավունքը հաճախ շաղկապվում է պարտականությունների հետ. կարծում եմ, որ այն պետք է շաղկապվի նաև պատասխանատվության հետ: Յուրաքանչյուրն իրավունք ունի իրավունքի, սակայն պատասխանատվության, մարդու ներքին, բարոյական պատասխանատվության շրջանակը շատ հաճախ բացակայում է»,-դիմելով աշակերտներին` նշել է Ա. Աշոտյանը և հավելել. «Կրոնական, ազգային խտրականության հետևանքով մեր ժողովուրդը տարբեր դարերում բազում հարվածներ է կրել: Այդ իսկ պատճառով խտրականության դեմ պայքարը  մեզ համար նաև հավաքական հասկացություն է` շաղկապված ազգի իրավունքների հետ»: Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ  այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, միջին դպրոցում ներմուծել է դասղեկների համար նախատեսված ուսումնական ձեռնարկ` «Բազմազանություն և հանդուրժողականություն» վերնագրով, որը, ըստ նախարարի, «մի փոքր քայլ է Հայաստանի կրթական համակարգի համար` քաղաքացիական, ժողովրդավարական կրթության առաջխաղացման հարցում»:
«Յուրաքանչյուրը, ով էլ լինի, որտեղից էլ լինի, կարող է իր ձայնը հնչեցնել հանուն մարդու իրավունքների եւ հանդուրժողականության: Մեզնից յուրաքանչյուրը ներուժ ունի փոփոխելու իրականությունը»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան՝ դիմելով աշակերտներին հանդուրժողականությանը եւ խտրականության դեմ պայքարին նվիրված բաց դասի ընթացքում:
Արմեն Հարությունյանն իր խոսքում նշել է մեր հասարակությունում ազատ մտածող, ազատ մարդ դաստիարակելու մասին` ընդգծելով, որ այն պետք է սկսել դպրոցից, քանի որ, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, միայն կրթված մարդը կարող է լինել ազատ:
Բաց դասի ավարտին աշակերտները հարցեր են ուղղել բանախոսներին և արտահայտել իրենց կարծիքները խտրականության  ձևերի վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։