Հակակոռուպցիոն ծրագիրը հասարակական լայն քննարկման է ներկայացվել. նշել է նախարարը

2010-12-09

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» (ԹԻ) այսօր հրապարակված` 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) աղյուսակի տվյալները, որոնցում նշվում է, թե Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական համակարգն է՝ անակնկալ չի կարելի համարել: Բանն այն է, որ այդ տվյալները համընկնում են կառավարության ձեռքի տակ եղած՝ ավելի վաղ անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին: Հատկանշական է, որ այդ ամենը հաստատում է կառավարության քաղաքականության ճիշտ ուղղությունը՝ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղելու և կարճ ժամանակում կտրուկ փոփոխություններ արձանագրելու նպատակադրմամբ»,- մեկնաբանելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» միջազգային կազմակերպության հրապարակած ցուցանիշները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը հավելել է, որ այդ կապակցությամբ մշակված 2011-2012 թվականների հակակոռուպցիոն ծրագիրն արդեն իսկ առաքվել է ՀՀ Ազգային ժողով, Հանրային խորհուրդ, քննարկվել «Ժառանգություն» կուսակցության հետ, նախարարության կոլեգիայի նիստում, ուսանողական միավորումների հետ, ինչպես նաև՝  հասարակական լայն քննարկման համար դրված է նաև ցանցում:
«Այս պահին, խնդրի կարևորության շուրջ սա լավագույն գործիքն է հասարակական կոնսենսուս ձևավորելու, և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ոչ միայն կոռուպցիոն երևույթները նվազեցնելու, այլ կրթության որակը տարբեր կրթական աստիճաններում բարձրացնելու համար»,- ընդգծել է Ա. Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։