Համագործակցության հիմքում` բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը
2010-12-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 2010 թվականին իրականացված մի շարք կրթական ծրագրեր և նախանշվել են հետագա համագործակցության նոր եզրեր: Նախարարը ողջունել է ընկերության իրականացրած սոցիալական քաղաքականությունը և շնորհակալություն հայտնել կրթական ծրագրերին աջակցելու համար` ընդգծելով կառավարման և բիզնեսի սոցիալական պատասխանատվության կարևորությունը, որն արտահայտվում է` համապատասխան ներդրումներ և աջակցություն հայտնելով այս կամ այն սոցիալապես կարևոր նախագծին:
Ա. Աշոտյանն ընդգծել է, որ հետագա համագործակցոթյունը պետք է հիմնված լինի նախարարության գերակայությունների և բիզնեսի սոցիալական պատասխանատվության մոդելի վրա:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ներկայացրել է 2010 թվականին ըներության աջակցությամբ իրականացված մի շարք սոցիալական և կրթական ուղղվածությամբ նախագծեր, որոնց նպատակը, ըստ ընկերության տնօրենի, երիտասարդությանը, տաղանդավոր կադրերին աջակցելն է: Մասնավորապես, հասցեական աջակցություն է ցուցաբերվել ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի մի շարք դպրոցների` ինտերնետ կապի ապահովման և համակարգչային սարքավորումների տրամադրման ուղղությամբ: Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցում ընկերության աջակցությամբ բացվել է հեռավար ուսուցման դասասենյակ, որը համալրվել է համապատասխան սարքավորումներով; ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բրիտանական խորհրդի հետ համատեղ ընկերությունն իրականացնում է «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որն ուղղված է միջին մասնագիտական կրթության ոլորտում երիտասարդների ապագա մասնագիտական կողմնորոշմանը` աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին համապատասխան: Ծրագրի արդյունքում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկա անցնել «ԱրմենՏել» ընկերությունում: Այս տարի ընկերությունն աջակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի անցկացմանը: Անդրադառնալով հաջորդ տարվա ծրագրերին` Ի. Կլիմկոն նշել է, որ նախատեսվում է մի շարք բուհերի և քոլեջների տրամադրել խոշոր էլեկտրոնային գրադարանների տեղեկատվական բանկից օգտվելու իրավունք: Նախարարը, ողջունելով էլեկտրոնային գրադարանների գաղափարը, առաջարկել է մի շարք կրթական նախագծեր իրականացնել նաև ավագ դպրոցների համակարգում: Ա. Աշոտյանը առանձնակի բարձր է գնահատել ընկերության` մարզերում իրականացրած աշխատանքը` նշելով, որ այն կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը, այդ թվում նաև կրթության որակի և արդյունավետության համատեքստում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում մշակել համագործակցության նոր ծրագրեր;












