Ծրագիրը քննարկվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում
2010-12-08
Տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում առկա մի շարք հարցեր, այդ թվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»:
Նախարարը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի` կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է նշված ծրագրի հանրային քննարկումներ` ընդգրկելով հնարավորինս մեծ քանակությամբ շահառուներ, որոնց ընթացքում հասարակության տարբեր խմբեր հնարավորություն կունենան ծրագրի վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքներն ու ներկայացնել առաջարկություններ: Ա. Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ, ի թիվս ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի, ծրագիրն առաքվել է նաև շահագրգիռ այլ կառույցներ: Նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարականը հետևանք է սոցիոլոգիական հարցման, ըստ որի կոռուպցիոն ռիսկերի թվային արտացոլումը կրթության համակարգում, այդ թվում նաև բարձրագույն կրթության ոլորտում, գնահատվել է բավականին բարձր: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը պարտավորություն է ձեռք բերել պայքարել և շոշափելի հաջողություններ արձանագրել կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ. ըստ նախարարի` կարևոր է, որ 2011 թվականից հասարակությունն իր վրա զգա և գնահատի կոռուպցիայի նվազման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաստատի, որ իրականացված միջոցառումները տվել են իրենց արդյունքները: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կոռուպցիոն ռիսկերին` նախարարը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են ընթացիկ և ավարտական քննություններին և կադրային խնդիրներին: Ա. Աշոտյանը, ներկայացնելով ծրագրում բարձրագույն կրթության ոլորտին առնչվող միջոցառումները, նշել է, որ այդ համատեքստում նախատեսվում է կրթության ոլորտի իրավական ակտերի վերանայում, ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների գործընթացի վերանայում, ԲՈՒՀ-երի ֆինանսավորման ծավալների ավելացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ուսանողների վերականգնման և հեռացման, ուսանողների բուհից բուհ, ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխման գործընթացներում, ինչպես նաև Կրթության պետական տեսչության համապատասխան լիազորությունների ընդլայնում` վերջինիս ընձեռելով նաև տեսչավորման իրավունք բարձրագույն կրթության ոլորտում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության մեջ կրթության ոլորտի խախտումների տեսչավորման մեխանիզմների սահմանում: Հանդիպման ընթացքում նախարարը նաև տեղեկացրել է, որ բուհի ղեկավարները, ի թիվս տարեկան հաշվետվության և բուհի հաջորդ տարվա բյուջեի, կառավարման խորհրդի հաստատմանը պետք է ներկայացնեն նաև բուհի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը, դրանից բխող միջոցառումների ծրագիրը և կատարված աշխատանքների հաշվետվությունը:
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հավանության է արժանացրել «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»:












