Հայաստան-ԵԱՀԿ. կրթական համագործակցության հուշագիր

2010-12-06

ՀՀ կրթության և գիտության նախարարության  և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի միջև այսօր կնքվել է համագործակցության և աջակցության մասին հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի: «Ես դժվարանում եմ մատնանշել մեկ այլ ոլորտ, որը շաղկապված լինի անվտանգության խնդիրների հետ և որտեղ համագործակցությունը ծավալվի ավելի ինտենսիվ, քան կրթության ոլորտը:

Այս պարագայում խիստ բնական և տրամաբանական է նախարարության և գործընկերների պատրաստակամությունը կրթության ոլորտում ծրագրեր իրականացնել` հանուն Եվրոպայի և Հայաստանի անվտանգության և հանուն համագործակցության խորացման, որ ունի մեր պետությունը միջազգային կառույցներ հետ»,-անդրադառնալով հուշագրի ստորագրման կարևորությանը` նշել է նախարարը` ընդգծելով հուշագրով նախատեսված մի շարք ուղղություններ, մասնավորապես, ժողովրդավարական կրթությունը կամ մարդու իրավունքների մասին կրթությունը բուհական և հանրակրթության համակարգերում, որը, ըստ Ա. Աշոտյանի, հանդիսանում է կրթության կարևոր բաղադրիչ և միտված է քաղաքացիական կրթության համատեքստում առավել ամբողջական դարձնել Հայաստանի ուսումնական հաստատություններում ժողովրդավարության և մարդու իրավունքների դասավանդման  գործընթացը: «Բնապահպանական կրթությունը մեր համագործակցության մյուս ուղղությունն է: Մեր երկրում բնապահպանական անվտանգությունը դիտարկվում է որպես անվտանգության բաղադրիչ, և բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կանխել այդ խնդիրների առաջացումը, իսկ դա կարելի է անել` նախևառաջ համապատասխան բնապահպանական կրթական ծրագրեր իրականացնելով: Համագործակցության երրորդ ուղղությունն ուսումնական հաստատություններում սովորողների իրավունքների պաշտպանության և կառավարման համակարգում դրա ներգրավման բարձրացման խնդիրն է, որը մասնավորացնելով բուհական համակարգի օրինակով` պետք է լուծվի ուսանողների առավել լայն ներգրավմամբ բուհերի կառավարման գործընթացներում, ուսանողական ինքնակառավարման, առհասարակ, ուսանողության դերի բարձրացմամբ` վերջինիս դիտարկելով ոչ միայն որպես կրթական գործընթացի սուբյեկտ, այլ նաև որպես մեր երկրի ակտիվ քաղաքացիական կեցվածք ունեցող հասարակական հատված»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ առաջին անգամ է, որ նախարարությունը միջազգային գործընկեր է գտել` ի դեմս ԵԱՀԿ-ի, որովհետև, ըստ Ա. Աշոտյանի, մինչ այսօր այդ համագործակցությունը եղել է հատվածական: «Գլոբալ տնտեսության պարագայում գլոբալ աշխատաշուկան թելադրում է գլոբալ կրթական համակարգի ստեղծում, և Հայաստանի մարտահրավերն է այս գործընթացում` պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն ավանդույթները` փորձել հարստացնել այդ համակարգը միջազգայնորեն իրենց արդյունավետությունն ապացուցած մեթոդներով, բովանդակությամբ և մրցունակ լինել կրթության բնագավառում, որպեսզի մրցունակ լինել տնտեսության և հասարակական զարգացումների բնագավառում: Անհնար է երկրին վերագրել  մրցունակություն` առանց այդ խնդիրը որպես անկյունաքարային դիտարկելով կրթության բնագավառում»,-իր խոսքում շեշտել է նախարարը` մատնանշելով կրթության շահառուների իրավունքների և պարտականությունների ճիշտ բաշխման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական դաստիարակության մասին խնդիրները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին նշել է, որ հուշագրով նախատեսված համագործակցության նպատակն է ապահովել 21-րդ դարի կրթությանը համապատասխան  բարձր մակարդակ:
Համաձայն հուշագրի` կողմերը.
• կնպաստեն բոլոր ուսումնական հաստատություններում մարդու իրավունքների մասին կրթության կազմակերպմանը` հիմնված հանդուրժողականության և մասնակցային մոտեցման խթանման և ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաների վրա,
• կհամագործակցեն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում մարդու իրավունքների արդյունավետ կրթական ծրագրերի և դասընթացների նախագծման շուրջ` հետևելով Մարդու իրավունքների կրթության համաշխարհային ծրագրի առաջարկություններին,
• միջոցներ կձեռնարկեն մարդու իրավունքների կրթության և վերապատրաստման որակը բարելավելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում` կարիքների անկախ գնահատում անցկացնելու, փորձագիտական աջակցություն տրամադրելու և հնարավորությունների հզորացման գործողություններ իրականացնելու միջոցով,
• կխրախուսեն և կաջակցեն Հելսինկյան վերջնական ակտի ամբողջական ընդգրկմանը դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում` ըստ 1989թ. Վիեննայի փաստաթղթում սահմանված  պարտավորությունների,
• կհամագործակցեն հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում նորաստեղծ հասարակական դիտորդական խմբի մասնագիտական հմտությունների զարգացման հարցում` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ, ուսումնական այցեր և այլ գործողություններ,
• կհամագործակցեն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար իրենց լեզուն ուսումնասիրելու կամ այդ լեզվով կրթություն ստանալու համարժեք հնարավորությունների ապահովման ուղղությամբ,
• կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթական բարեփոխումներին օժանդակելու ուղղությամբ` տրամադրելով իրենց հմտությունը, մասնագիտական աջակցությունը և փորձագիտական գիտելիքները վերոհիշյալ ոլորտում և կխթանեն «ոստիկանի» մասնագիտության ձևավորմանը,
• կհամագործակցեն կրթության որակն առավել բարձրացնելու նպատակով Հայաստանում ժողովրդավարական և ուսանողների ավելի լայն ընդգրկում ունեցող ներկայացուցչական մարմինները հզորացնելու համար, կիրականացնեն բուհերում թափանցիկությունը խթանող գործունեություն,
• կաջակցեն էկոլոգիական կրթության և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի մասին իրազեկության բարձրացմանը` մասնագետների վերապատրաստման և կրթական նյութերի և դասագրքերի բարելավման և մշակման միջոցով, և կխթանեն դրանց ընդգրկումն ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական ծրագրերում` որպես դրանց անբաժանելի մաս,
• կհամագործակցեն ուսումնական հաստատություններին բնապահպանական հարցերի վերաբերյալ փորձագիտական աջակցություն տրամադրելու շուրջ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։