Կայացել է «Ջիմ Թորոսյան» մեդալի շնորհանդեսը

2010-12-03

Հայաստանի Ճարտարապետների միությունում այսօր տեղի է ունեցել «Ջիմ Թորոսյան» մեդալի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ճարտարապետների և շինարարների միությունների նախաձեռնությամբ հիմնադրված «Ջիմ Թորոսյան» մեդալը ճարտարապետության և ճարտարապետական կրթության մեջ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի նշանակալի  ավանդի գնահատանքն է: 

«Ջիմ Թորոսյան» առաջին մեդալը, ի պահ տալով անվանի ճարտարապետին, ՀՀ կրթության և գիտության նախարար, կազմկոմիտե նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիկոսին` բարձրարժեք արվեստի ստեղծագործություններ կերտելու համար: «Մեր պատմության մեջ, ցավոք սրտի, որպես ժողովուրդ մենք սովոր ենք մեծարել մարդկանց, եթե նրանք արդեն մեծարված են դրսում կամ եթե արդեն մեզ հետ չեն: Այս դեպքը հաճելի բացառություն է. Դուք մեծարված եք սկզբում Հայաստանում, իհարկե ճանաչված լինելով դրսում,  և մեզ հետ եք: Ես հուսով եմ, որ Ձեր օրինակը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի համար կլինի հանճարների, նոր տաղանդների ոգեշնչման աղբյուր»,-դիմելով Ջիմ Թորոսյանին` նշել է նախարարը; 
Ակադեմիկոսը, շնորհակալություն հայտնելով մեդալի թողարկման համար, երիտասարդ ճարտարապետներին մաղթել է, որ վերջիններիս աշխատանքները, հիմնված լինելով ժամանակակից արժեքներ վրա, չկտրվեն իրենց պատմական խոր ակունքներից և արմատներից:
«Ջիմ Թորոսյան» մեդալը նախատեսվում է շնորհել ճարտարապետության և ճարտարապետական կրթության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետներին և միջազգային մրցույթներում բարձր արդյունքներ արձանագրած ուսանողներին: Մեդալի դիմերեսին պատկերված է հորինվածք` Ջիմ Թորոսյանի դիմանկարի, Երևանի քաղաքապետարանի և Կասկադ համալիրի հարթաքանդակների համադրությամբ: Մեդալը նախատեսվում է թողարկել ոսկե և արծաթե նմուշներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։