Ծրագիրը քննարկվել է նախարարին կից կոլեգիայի նիստում
2010-11-26
«Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագրի» հանրային լայն քննարկումների համատեքստում այսօր տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով կոլեգիայի անդամներին` նախարարը նշել է, որ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի` կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է նշված ծրագրի հանրային քննարկումներ` ընդգրկելով հնարավորինս մեծ քանակությամբ շահառուներ:
Մասնավորապես, ծրագիրն առաքվել է ՀՀ Ազգային ժողովի «Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով», ՀՀ հանրային խորհուրդ, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ, Հայաստանի ուսանողության ազգային ասոցիոցիա և Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ: Մինչև դեկտեմբերի 15-ը հասարակության տարբեր խմբեր հնարավորություն ունեն ծրագրի վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքներն ու ներկայացնել առաջարկություններ` ծրագրի լրամշակման նպատակով: «Վարչապետի հանձնարարականը հետևանք է սոցիոլոգիական հարցման, ըստ որի կոռուպցիոն ռիսկերի թվային արտացոլումը կրթության համակարգում գնահատվել է բավականին բարձր: Կրթության ոլորտում կոռուպցիոն երևույթները բազմապիսի են. դրանք արմատավորվել են դեռևս խորհրդային ժամանակներից, սակայն անհրաժեշտ է նշել, որ կրթական բարեփոխումների մեջ կոռուպցիոն երևույթների փոխակերպում է տեղի ունեցել` դրանք լավագույնս հարմարվել են կրթական համակարգի նոր մեխանիզմներին: Միաժամանակ պետք է ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել` սահմանափակվելով միայն մեկ ոլորտով, որովհետև կոռուպցիան հասարակական ախտ է, և դժվար է հակակոռուպցիոն օազիսներ ստեղծել հասարակական ակտիվության գործունեության մեջ, բայց նախարարությունը պարտավորություն է ձեռք բերել պայքարը մղել իր ճակատում և շոշոփելի հաջողություններ արձանագրել; Ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները նախանշված են 2011 թվականին, սակայն իմ հանձնարարականով արդեն մեկնարկել է մի շարք նախաձեռնությունների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումներ մշակելու գործընթացը: Կարևոր է, որ 2011 թվականից հասարակությունն իր վրա զգա և գնահատի կոռուպցիայի նվազման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաստատի, որ իրականացված միջոցառումները տվել են իրենց արդյունքները»,-իր ներածական խոսքում ընդգծել է նախարարը:
«Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը» կոլեգիայի անդամներին ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Վերջինս կոռուպցիայի դեմ պայքարի համալիր ծրագիրը բաժանել է երեք բաղադրիչի` կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, կառավարման ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդում և հակակոռուպցիոն դիրքորոշման ձևավորում: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդրին` Ռ. Ստեփանյանը նշել է, որ այն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով`օրենսդրական բարեփոխումներ, գործառույթների բարելավում և տեղեկացվածության ապահովում: Ըստ զեկուցողի` օրենսդրական բարեփոխումներն իրենց մեջ ներառելու են իրավական ակտերի փորձաքննություն և վերանայում, գործառույթների բարելավումը` հակակոռուպցիոն ծրագրի իրականացման ընթացքի լուսաբանում և նախարարության կայքում հակակոռուպցիոն ծրագրերի տեղեկատվական էջի առկայություն, իսկ տեղեկացվածության ապահովումը` շահառուների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ պարզաբանումների հրապարակում ԶԼՄ-ներով: Անդրադառնալով կառավարման ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման բաղադրիչին` Ռ. Ստեփանյանն ընդգծել է, որ այն իր մեջ ներառելու է մասնակցության, թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև կառավարման որակի բարելավման ենթաբաղադրիչներ, ըստ այդմ` մասնակցությունը կապահովվի մասնակցային մոնիթորինգի և հետադարձ կապի ապահովմամբ, թափանցիկությունն և հաշվետվողականությունը` գնումների թափանցիկության և հրապարակայնության, ինչպես նաև նախարարության նորացված կայքի գործարկման միջոցով, իսկ կառավարման որակի բարելավումը` ԿԳՆ հաղորդակցման ռազմավարության մշակմամբ: Խոսելով երրորդ` հակակոռուպցիոն դիրքորոշման ձևավորման բաղադրիչի մասին, վարչության պետն ընդգծել է, որ այն կիրականացվի կրթության արժևորման, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման և արդյունավետ վերահսկողության միջոցով: Կրթության արժևորմանն ուղղված գործընթացներն իրենց մեջ կներառեն, մասնավորապես, սոցիալական հոլովակների հեռարձակում, լավագույն աշակերտների և ուսանողների հրապարակային խրախուսում: Ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրումը կիրականացվի մասնագիտական ուսումնական հաստատությունների տեսչավորման և մարզերում Կրթության պետական տեսչության տարածքային մարմինների ստեղծման, իսկ արդյունավետ վերահսկողությունը` վարչական պատասխանատվության խստացման միջոցով:
Զեկուցումից հետո կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել կոլեգիայի նախագահին և հիմնական զեկուցողին, մասնավորապես, ԳԱԱ նախագահը բարձրացրել է կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը` այն մատնանշելով որպես «հակակոռուպցիոն ամենաուժեղ դեղամիջոց»: Ռ. Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձել է նաև կրթություն–տնտեսություն կապին` ընդգծելով, որ միայն համապատասխան պահանջարկի դեպքում է հնարավոր ապահովել որակյալ կրթություն, որն էլ իր հերթին կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
Նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը որպես հակակոռուպցիոն միջոց առաջարկել է քննությունների անցկացման մեխանիզմների բարելավումը, մասնավորապես, դրանցում սուբյեկտիվ գործոնի պակասեցման միջոցով: Փոխնախարարը կարևորել է նաև գործընթացում հասարակության հետ տարվող աշխատանքները և դրանցում հասարակական մասնակցության ընդլայնումը;
Երևանի փոխքաղաքապետ Կ. Արեյանն առաջարկել է համապատասխան փոփոխություններ կատարել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում` տեսչությանը լիազորելով նաև ուսումնական հաստատությունների որակի ստուգման գործառույթով: Ըստ փոխքաղաքապետի` գնահատման մեխանիզմների համատեքստում կրթության որակի բարձրացմանը կնպաստի նաև սովորողների գիտելիքների պարբերաբար ստուգման գործընթացը:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Թադևոսյանն առաջարկել է հակակոռուպցիոն ծրագրում ամրագրել նաև հանրային կրթության բաղադրիչը` նախատեսվող տեսահոլովակների պատրաստման գործընթացում համագործակցելով նաև հասարակական կազմակերպությունների հետ: Ըստ Ս. Թադևոսյանի` գիտելիքի հետ միաժամանակ աշակերտի և ուսանողի մեջ պետք է բարձրացնել նաև քաղաքացիական գիտակցության մակարդակը, և ուսումնական հաստատությունը պատասխանատվություն կրի աշակերտների արժեքային համակարգի ձևավորման համար:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանն իր ելույթում ևս անդրադարձել է կրթության ոլորտի աշխատակիցների ցածր աշխատավարձերի խնդրին` նշելով, որ շատ հաճախ միայն «էնտուզիազմով» հնարավոր չէ ապահովել կրթության որակ: Ա. Սիմոնյանն անդրադարձել է նաև բուհերի ֆինանսավորման և իրավական փաստաթղթերի նախագծերի շուրջ հանրային լայն քննարկումների անհրաժեշտության խնդիրներին: Ռեկտորը միաժամանակ տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն առաջարկություններ կներկայացնի տվյալ ծրագրի վերաբերյալ և մինչև տարեվերջ բուհի կառավարման խորհրդում կքննարկվի նաև բուհի հակակոռուպցիոն ծրագիրը:
Անդրադառնալով բուհերի ֆինանսավորման խնդիրներին` նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում, որը, ըստ Ա. Աշոտյանի, կհանգեցնի տարակարգված աշխատավարձերի համակարգին, այսինքն` բարձրորակ կրթություն տրամադրող ուսումնական հաստատությունները պետության կողմից կստանան ավելի մեծ ֆինանսական ներդրումներ, որն էլ, ըստ նախարարի, կխթանի կրթության որակի բարձրացումը և կոռուպցիոն ռիսկերի նվազումը:
ԱԺ պատգամավոր Ա.Բախշյանն իր մտավախությունն է հայտնել, որ նշված ծրագիրն արդյունք չի տա, եթե կոռոպցիայի դեմ պայքարը սահմանափակվի միայն մեկ ոլորտով: Տիկին Բախշյանն անդրադարձել է նաև դպրոցներում դրամահավաքության խնդիրներին` ընդգծելով նշված գործընթացում թափանցիկության, հաշվետվողականության և կամավորության սկզբունքները:
«Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հ. Մուսայելյանն իր ելույթում մեջբերել է կազմակերպության օրինակը` ընդգծելով, որ ընկերությունում բացառված են կոռուպցիոն ռիսկերը, քանի որ դասախոսների և ուսանողների ընտրությունը կատարվում է մրցակցային հիմունքներով: Հ. Մուսայելյանը որպես կոռուպցիոն ռիսկ շեշտել է նաև բուհերի բազմազանությունն ու մեծ թվաքանակը:
«Երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լ. Ասատրյանն առաջարկել է հատուկ դպրոցների օրինակով հասարակական մշտադիտարկման խմբեր ձևավորել նաև հանրակրթական դպրոցների համար` նշելով, որ այդ պարագայում դպրոցները հաշվետու կլինեն ոչ միայն պետական մարմիններին, այլ նաև հասարակությանը:
Շնորհակալություն հայտնելով կոլեգիայի անդամներին շահագրգիռ քննարկումների համար` նախարար Ա. Աշոտյանն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ կոռուպցիայի առկայությունն այլևս վտանգում է «կրթական համակարգի հայկական մոդելի կենսունակությունը», և նախարարությունը հասարակության աջակցությամբ այլընտրանք չունի, քան կրթության որակի բարձրացմանը զուգընթաց և շաղկապված նվազեցնել կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: «Նախարարությունը չի հավակնում երկու տարվա մեջ արմատախիլ անել կոռուպցիան, և ի սկզբանե ծրագրի հիմքում դրվել են իրատեսական նպատակներ, որոնք 2012 թվականի ավարտին չափելի և շոշափելի կդարձնեն այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողությունները և բացթողումները: Այս գործընթացում մենք ակնկալում ենք հասարակական ինստիտուտների աջակցությունը, և քաղաքացիական հասարակությունը պետք է դառնա այս պայքարի հիմնասյուներից մեկը: Եթե հասարակությունը միտված է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա մենք կունենանք հաջողություն և հակառակը` յուրաքանչյուր նախաձեռնություն դատապարտված է, եթե հաջողության մեջ շահագրգռված մարդկանց թիվն ավելի փոքր է»,-նշել է նախարարը` հավելելով, որ տվյալ ծրագիրն ընդհանուր առմամբ համահունչ է վերջին տարիներին կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների գաղափարախոսությանը;
Նիստի ավարտին կոլեգիան հավանության է արժանացրել ներկայացված ծրագիրը:












