Համաշխարհային գիտական շտեմարանները հասու են հայ գիտնականներին
2010-11-25
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ELSEVIAR հրատարակչական հիմնադրամի զարգացման գծով ղեկավար Ահմեդ Ռոսթոմի և կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Ալի Ջալալիի հետ: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն արդյունավետ է համարել հայաստանյան գիտակրթական հաստատություններում կազմակերպության նախաձեռնած շնորհադես-սեմինարների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ հիմնադրամի շտեմարաններում ընդգրկված տեղեկատվության հիմնական ուղղություններին և ցանկին, այլև գնահատել դրանց հեռանկարները մեր երկրի գիտակրթական զարգացման տեսլականի համատեքստում:
Ա. Ավետիսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է համաշխարհային գիտական շտեմարաններից հայ գիտնականների օգտվելու հնարավորությունների ապահովումը և գործիքների ու տիրույթների ընտրության հարցում առաջնորդվելու է` հիմք ընդունելով Հայաստանի գիտական առաջընթացի գերակայություններից բխող բովանդակային ծավալների առկայությունը: Ըստ փոխնախարարի` հրատարակչության ընտրության հարցում, իհարկե, վճռորոշ կլինեն նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ու Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի մասնագիտական եզրակացությունները:
ELSEVIAR հրատարակչական հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ համաշխարհային գիտական տեղեկատվության շուրջ 25 տոկոսն այսօր ընդգրկված է շտեմարանում, և 2010 թվականին հիմնադրամի կողմից իրականացրած բեկումնային փոփոխությունները հետագայում լուրջ առաջընթաց են ապահովելու կազմակերպության համար: Նրանք նաև ավելացրել են, որ մինչև տարեվերջ անվճար ու փորձնական ժամկետով մի շարք բուհեր և գիտական հաստատություններ հնարավորություն են ստացել օգտվել համաշխարհային գիտական շտեմարանից:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ սեղմ ժամկետներում հիմնադրամը ՀՀ կառավարությանը կներկայացնի առաջարկությունների փաթեթ:












