ԿԳՆ-ն աջակցում է ինտելեկտուալ խաղերին

2010-11-23

Իսրայելի Էյլաթ քաղաքում նոյեմբերի 11-14-ը տեղի է ունեցել «ԻՎնչ, ՈրտեՎղ, ԵՎրբ» խաղի աշխարհի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 18 երկրի ավելի քան 80 թիմ: Առաջնության արդյունքներին, ինչպես նաև Հայաստանում ինտելեկտուալ  խաղերի ներկա վիճակին և հետագա անելիքներին էր նվիրված ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցել են «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը և ասոցիացիայի զարգացման ծրագրերի ղեկավար Մարգար Սեդրակյանը: 

Անդրադառնալով աշխարհի առաջնությանը` Տ. Քոչարյանը նշել է, որ նմանատիպ առաջնություններին Հայաստանի Հանրապետության թիմերը մասնակցում են 5-րդ անգամ. մինչ այդ երեք առաջնություն տեղի է ունեցել Ադրբեջանում, որոնց հայկական թիմերի մասնակցությունն արգելվել է կազմակերպիչների կողմից: «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահը տեղեկացրել է, որ Իսրայելում կայացած աշխարհի առաջնությանը ներկայացել են հայաստանյան «Պերեզագրուզկա» «ԴԱՖ»և «Արսենալ» թիմերը, որոնցից «Պերեզագրուզկա» թիմը հաջող ելույթ է ունեցել և առաջին անգամ հայկական թիմերի մասնակցության պատմության  մեջ մտել եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանը երկրների ընդհանուր հաշվարկում գրավել է 6-րդ տեղը: Անդրադառնալով Հայաստանում ինտելեկտուալ խաղերի ներկա վիճակին առհասարակ` Տ. Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին նշված բնագավառը գտնվում է պետական հոգածության ներքո, մասնավորապես,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի անմիջական աջակցության շնորհիվ: «Պետական հոգածությունից հետո թիմերը սկսել են ավելի լավ արդյունքներ ցույց տալ. վերջին երկու տարվա ընթացքում հայկական թիմերը մտել են լավագույն վարկանիշային ցանկի 100 թիմերի մեջ: Նմանատիպ խաղերի նպատակն է առաջին հերթին զարգացնել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում` համախմբելով զարգացած, խելացի հայ երիտասարդներին, երկրորդը` արձանագրել լավ արդյունքներ, և, վերջապես, հայկական թիմ ունենալ Մոսկվայի գիտակների էլիտար ակումբում: Իսկ եթե ավելի ընդհանրական` մեր առջև դրված է երիտասարդների արժեհամակարգի փոփոխության` գիտելիքի արժևորման խնդիր»,-նշել է Տ. Քոչարյանը` հավելելով, որ այս տարվանից ակումբն անցկացնում է ուսանողական ամենշաբաթյա մրցաշարեր, որոնց մասնակցում են ՀՀ բուհերի ուսանողական թիմերը: Ըստ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահի` նմանատիպ առաջնություններ մյուս տարի նախատեսվում է անցկացնել նաև  դպրոցականների շրջանում: Բացի այդ, ակումբի նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվելու է ՀՀ վարչապետի գավաթը, տարբեր տարածաշրջանային փառատոններ, այդ թվում նաև Արցախում, որտեղ այս տարի անցկացված առաջնությանը մասնակցել են Արցախի 6 շրջանները ներկայացնող թիմերը; 
Տ. Քոչարյանը նաև նշել է, որ նախատեսվում է «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» ինտելեկտուալ խաղն անցկացնել նաև հայերեն լեզվով, քանի որ լեզվական խնդիրներ են նկատվում որոշ մասնակիցների և հանդիսատեսի մոտ. այս համատեքստում, հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» խաղի համահայկական փառատոն, որին կմասնակցեն հայեր աշխարհի տարբեր ծայրերից:
Ասուլիսի վերջում «Գիտակների հայկական ասոցիացիայի»զարգացման ծրագրերի ղեկավար Մարգար Սեդրակյանն իր շնորհակալությունն է հայտնել առաջնության հովանավորներին` ի դեմս «Արմավիա», «Մուլտի-Գրուպ», «Արցախ-Ալկո» և «ՌոսգոսՍտրախ» կազմակերպությունների;

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։